ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին Արսեն Խոջայանի հարցով

Մարտի 7-ին Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից Թովուզի շրջանում ադրբեջանական կողմը ձերբակալել էր սահմանն անցած, ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանին։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել էր, որ Խոջայանը զինծառայող չէ։

Ռազմինֆոն կապ է հաստատել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ։ Նա մանրամասնել է, որ Կարմիր խաչը դեռևս մարտի 8-ին դիմել է Ադրբեջանի իշխանություններին Արսեն Խոջայանի հարցով, նաև կապ է հաստատել Վերին Կարմիրաղբյուրի համայնքի հետ, սակայն դեռևս գերու հարազատներին չի տեսակցել։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է՝ Խոջայանն իրենց գյուղից է, օրերս հայկական կողմին արտահանձնված Մամիկոն Խոջոյանի ազգակիցը։ Նա ամուսնացած չէ, ընտանիքում յոթ երեխա են, գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։ Չոբանյանը կտրականապես հերքել է շրջանառվող լուրերը, թե իբր Արսեն Խոջայանը պայմանագրային զինծառայող է։

Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերով՝ ներկա դրությամբ Արսեն Խոջայանին հարցաքննում են Բաքվում։

One response to “ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին Արսեն Խոջայանի հարցով

  1. Pingback: ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին Արսեն Խոջայանի հարցով | Norlur.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *