Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան

Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանը։

Մարտի 4-ին նրան արտահանձնել են հայկական կողմին։
Ռազմինֆոն կապ է հաստատել Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ Մամիկոն Խոջոյանը ներկայումս Իջևանի բժշկական կենտրոնում է, բուժզննում է անցնում, նրա ձեռքը եղել է գիպսի մեջ, գիպսը հանել են։

Գյուղապետը շեշտել է, որ մարմնի վրա եղել են խոշտանգումների հետքեր։ Նա հավելել է, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից այցելելու են Խոջոյանին, ապա հավանաբար իրենց համագյուղացուն կբերեն գյուղ։

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին էլ իր հերթին հաստատել է, որ այցելությունն այսօր կայացել է, սակայն դեռևս մանրամասներ չի ցանկանում հայտնել։ Ամատունին չմեկնաբանեց նաև՝ արդյոք նախկին գերու մարմնի վրայի խոշտանգումների հետքերը վկայում են ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկվելու մասին։

Այնուհանդերձ, նկատենք, որ դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։

Հավելենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։

Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *