Մեծ Բրիտանիան խանգարել է Իսպանիայի ու Արգենտինայի զենքի առևտրի գործարքին

Բրիտանական կողմը ստիպել է Իսպանիային, որ հրաժարվի Արգենտինայի հետ կնքած գործարքից, որով իսպանական կողմն արգենտինական զինված ուժերին պիտի վաճառեր սեփական սպառազինությունից դուրս գրած Mirage F1 կործանիչներ։

Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան դեռևս 1980-ականների սկզբից տարածքային վեճ ունի Արգենտինայի հետ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ, իսկ Արգենտինային վաճառվելիք կործանիչների կառուցման ժամանակ օգտագործվել են բրիտանական արտադրության սարքավորումներ ու մասեր, որոնց թվում նաև ինքնաթիռների ինքնապաշտպանության միջոցները։ Բրիտանական կողմը պնդում է, որ կործանիչները գնելու դեպքում Արգենտինան կստանա բրիտանական կործանիչների ինքնապաշտպանական միջոցների մասին տեղեկություններ։

Իսպանական զինված ուժերի Mirage F1M կործանիչը

Այս պատճառով Մեծ Բրիտանիան Իսպանիայից պահանջել է, որ կործանիչներն Արգենտինային վաճառվեն առանց բրիտանական արտադրության մասերի ու սարքավորումների, իսկ նման դեպքում կործանիչները զգալիորեն կորցնում են իրենց մարտական հնարավորությունները։

Սա դարձել է Իսպանիայի ու Արգենտինայի միջև կնքված պայմանագրի խզման պատճառներից մեկը՝ չնայած այն բանի, որ արգենտինական կողմն արդեն բյուջեում հաստատել էր կործանիչների գնման համար տրամադրվելիք գումարը։

Պայմանավորվածության համաձայն՝ Արգենտինան պիտի գներ 22 միավոր Mirage F1 կործանիչներ, որոնք Իսպանիան հանել էր սեփական զինված ուժերի սպառազինությունից 2013-ի հունիսին։ Մոտ 40 տարի օգտագործված կործանիչների, ինպես նաև պահեստամասերի ու օդաչուների վարժասարքերի համար Արգենտինան պիտի վճարեր 220 մլն ամերիկյան դոլար։

Ֆրանսիական Dassault Mirage F1 (Դասո Միրաժ Ֆ1) բազմանպատակային կործանիչը նախագծվել է դեռևս 1966-ին, իսկ արտադրության է եղել մինչև 1992-ը։ Կործանիչի անձնակազմը 1 մարդ է, սեփական զանգվածը՝ 7,4 տոննա, իսկ առավելագույն բեռնված զանգվածը՝ 16,2 տոննա։ Կարողանում է զարգացնել ձայնի արագությունը մինչև 2,2 անգամ գերազանցող արագություն, մարտական խնդիրներ կատարելու առավելագույն հեռավորությունը 425 կմ է։ Զինված է 2 հատ 30 մմ ավտոմատ թնդանոթներով, ինչպես նաև տարբեր տեսակի հրթիռներով ու ռումբերով, որոնց ընդհանուր զանգվածը չպիտի գերազանցի 6,3 տոննան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *