Ալժիրի Ին-Ամենաս քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել զինուժին պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռը։ Վթարի հետևանքով տուժել են 4 զինծառայողներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Ինչպես հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը, հղում կատարելով ալժիրյան պաշտոնական աղբյուրներին, վթարը գրանցվել է մարտի 9-ին, սակայն դրա մասին հայտնում են միայն այժմ։ Նախնական վարկածի համաձայն՝ Մի-24-ում տեխնիկական անսարքության հետևանքով օդում հրդեհ է բռնկվել, որից հետո էլ անձնակազմը փորձել է վթարային վայրէջք կատարել։
Նկատենք, որ Ալժիրի պաշտոնական աղբյուրները կտրականապես հերքում են այն վարկածը, որ ուղղաթիռի վթարի պատճառը կարող է լինել զինյալների հարձակումը. Ին-Ամենասի տարածքում զինյալներն ակտիվ են, բազմիցս հարձակվել են գազի հանքավայրերի վրա։
Մի-24 ուղղաթիռի անձնակազմը 2-3 հոգի է, առավելագույն արագությունը՝ 435 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 450 կմ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11 500 կգ, կարող է կրել կառավարվող ու չկառավարվող հրթիռներ։
Հարկ է նշել, որ Ալժիրի նման ուղղաթիռները Մի-24G մոդիֆիկացիայի էին։ Նույն մոդիֆիկացիայի ուղղաթիռներ ունի նաև Ադրբեջանը։
Հավելենք, որ Ալժիրում վերջին խոշոր ավիավթարն արձանագրվել է ընթացիկ տարվա փետրվարի սկզբին, երբ C-130 Hercules բեռնատար ինքնաթիռը բախվել էր ժայռին եղանակային վատ պայմանների պատճառով։ Ինքնաթիռի 78 ուղևորներից ողջ էր մնացել միայն մեկ զինծառայող։