Գերմանիան ստացել է արդիականացված Tiger UHT ուղղաթիռները

Օրերս հայտնի է դարձել, որ Airbus Helicopters ընկերությունն ավարտել է 12 միավոր հարվածային Tiger UHT ուղղաթիռների տրամադրման գործընթացը գերմանական կողմին։ Դրանք նախատեսված են Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար։

Eurocopter Tiger UHT ուղղաթիռ, Գերմանիայի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է Flightglobal.com լրատվակայքը, վերջին ուղղաթիռը փոխանցվել է Գերմանիայի ԶՈւ 36-րդ մարտական ուղղաթիռային գնդին։ Հանձնման արարողությունը կայացել է Դոնավորֆում։

Նշենք, որ ուղղաթիռներն արդիականացվել էին պատվիրատուի պահանջներին համապատասխան։ Արդիականացման հիմքում ընկած է հիմնականում MTR390 շարժիչների վրա փոշեմաքրիչ զտիչների տեղադրումը, հավելյալ բալիստիկ պաշտպանվածության ապահովումը, կապի առավել կատարելագործված միջոցների ներդնումը։

Հիշեցնենք, որ Գերմանիան Աֆղանստանում սկսել է կիրառել Tiger UHT-ի նոր արդիականացված տարբերակը 2012-ի դեկտեմբերից. Մազարի Շարաֆում ուղղաթիռները կատարում էին ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցույց տալու, հետախուզական աշխատանքների գործառույթ։

Ներկա տվյալներով Tiger UHT ուղղաթիռները գերմանական օդուժի կազմում կատարել են ավելի քան հազար ժամ տևողությամբ թռիչք։

Գերմանիան ընդհանուր առմամբ ունի 26 միավոր Tiger UHT, ևս 30-ը պատվիրել է։

Հավելենք, որ Eurocopter Tiger UHT ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1991-ին, շահագործման է հանձնվել 2002-ին, շահագործվում է հիմնականում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Իսպանիայի օդուժում։ Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է, երկարությունը՝ 15.8 մ, բարձրությունը՝ 4.32 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 6100 կգ, առավելագույն արագությունը՝ 322 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *