Ադրբեջանական բանակը մեկ գիշերում առնվազն 10 սպանված ունի

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերն ադրբեջանական բանակը շփման գծի երկայնքով առնվազն 10 անվերադարձ կորուստ է կրել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական աղբյուրները:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ հայկական բանակի ստորաբաժանումների և ադրբեջանական կողմի միջև առաջնագծում մարտեր են եղել, ինչի հետևանքով էլ սպանվել է 8+2 (3՞) ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանական կողմը նշում է, թե «հայկական կողմը կորուստներ է» ունեցել, սակայն որևէ հստակ թիվ կամ տվյալ չի նշում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պաշտոնապես հայտնում է մեկ կորստի մասին: Ղազախի շրջանում «հայկական կողմի հարձակումը հետ մղելուց» Ադրբեջանի ԶՈւ ենթասպա է սպանվել: 1977 թվականին ծնված Ալմազով Իսա Զիյադ օղլուն զորակոչվել էր Ղազախի շրջանից: Ադրբեջանական ՊՆ-ն նաև հավելում է, որ Թերթերի և Աղդամի ուղղությամբ մարտեր են ընթացել գիշերը:

Իսկ ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթի տվյալներով` Ղազախի շրջանում ադրբեջանցիները երկու սպա են կորցրել: Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ սպաները սպանվել են հայ-ադրբեջանական սահմանին գիշերը: Աղբյուրը, հղում կատարելով տեղացիներին, նշում է, որ սպաների դիերը տեղափոխվել է Ղազախ քաղաք:

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «հայկական գնդակից» զոհվել է 1992-ին ծնված պայմանագրային զինծառայող Ահմեդով Գարյաղդը Էլդար օղլուն:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ «Ենի Մուսաֆաթի» նշած կորուստներից մեկն Ադրբեջանի ՊՆ հայտարարած զոհն է: Ընդհանրացնելով պատկերը. նախօրեին ՊԲ ուղղությամբ ադրբեջանցիների հարձակումից հետո (որի ընթացքում երկու հայ ժամկետային զինծառայող էր զոհվել), ադրբեջանական կողմն ունեցել է առնվազն 10 զոհ:

Միևնույն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախօրեին և այս գիշերը առաջնագծում ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրել, և որ ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած թիվն ամենայն հավանականությամբ իրականից փոքր է: