Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 23-ին ընդունել է պաշտոնական այցով երկիր ժամանած Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության և Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիայի պետ, կորպուսի գեներալ Օմար Փաչինի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը ծանոթացել են Ադրբեջանի բժշկական համալսարանի ռազմաբժշկության ֆակուլտետի մոդելավորման կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև եղել ուսանողական լաբորատորիայում, գրադարանում և ուսանողական հանրակացարանում:
Շրջայցից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև թուրքական պատվիրակության մյուս անդամների հետ: Հասանովը բարձր է գնահատել այս և մյուս ոլորտներում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին:
Նշենք, որ ռազմաբժշկության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության վառ օրինակներից է 2014-ի օգոստոսի սկզբին հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում ծանր վիրավորված ադրբեջանցի զինծառայողների՝ Թուրքիայում ստացած բուժօգնությունը, որի ծախսերը հոգացել է Թուրքիայի ԱԳՆ-ին ենթակա Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA):
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բավական հաճախ է դարձել թուրք բարձրաստիճան զինվորականների այցն Ադրբեջան. 2014-ի նոյեմբերին Ադրբեջան էր ժամանել նաև Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն և թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը, իսկ այս տարի՝ Ադրբեջան են ժամանել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզագրության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթըն, ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Մեհմեթ Դայսալան։