Պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: 1968 թվականին ծնված Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և 1960 թվականին ծնված Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ձերբակալված են։ Ձերբակալման պահին դիմադրություն ցուցաբերած և ոչնչացված երրորդ անձի տվյալները դեռևս ճշտվում են։
Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը զինված է եղել գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի «ՏԴ 2042» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի «ՎԱ 0033» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ֆ-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով։ Իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը զինված է եղել գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի «ՏՖ 7373» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի «ՊՄ» տեսակի «ՍՆ 3478» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով։
Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ձերբակալված են:Քրեական գործը գտնվում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն»։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները։
Բացի այդ, հուլիսի 12-ին հայտնի է դարձել՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:
Հավելենք, որ հուլիսի 14-ին ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված է.
«Հուլիսի 14-ին՝ 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»։
Pingback: Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info