Թայվանն իր ունեցած անօդաչուները կարող է կիրառել Չինաստանի դեմ հետախուզության համար

Թայվանի ռազմաօդային ուժերը պատրաստակամություն են հայտնել իրենց ունեցած անօդաչու թռչող սարքերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) տարածքում հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով կիրառելու համար։ 

Թայվանի արտադրված անօդաչու

Թայվանի արտադրված անօդաչու

Այս մասին հաղորդում է Defense News ռազմական պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ սույն թվականի մարտ ամսին Թայվանի զինուժը ստացել է 32 միավոր ԱԹՍ, որոնք նախագծվել էին Թայվանի ազգային անվտանգության նախարարությանը կից Չժունշուանի գիտության ու տեխնոլոգիաների ինստիտուտում։ Ներկայումս այդ ԱԹՍ-ների մի մասը պարեկություն է անում Թայդուն ու Փիյդուն քաղաքների մերձակայքում։

Թայվանի զինվորականները քննարկում են ԱԹՍ-ների մի մասի փոխադրումը դեպի արևմտյան ափ, ինչը թույլ կտա դրանց թռիչքներ կատարել Թայվանի նեղուցի օդային տարածքում։ Հենց այդ նեղուցն է բաժանում Թայվանը ՉԺՀ-ից։ Թայվանը հավաստիացնում է, որ սովորական ինքնաթիռներով այս հատվածում թռիչքներ կատարելը վտանգավոր է, քանի որ չինական ՀՕՊ համակարգերը կարող են խոցել դրանց։ Փոխարենը, փոքր չափերի անօդաչուները կարող են անարգել հասնել ՉԺՀ հատված և տեղեկություններ փոխանցել ՉԺՀ ՀՕՊ համակարգի ակտիվության մակարդակի մասին։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՉԺՀ  հետախուզելու գաղափարին հավանություն է տվել նաև ԱՄՆ-ն, սակայն չի ցանկանում անմիջական մասնակցություն ունենալ գործընթացին։ Թայվանական Taipei Times պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հավաստիացրել է, որ ազդեցության մեծ հեռավորություն ունեցող անօդաչուների կիրառումը զգալի նյութական միջոցներ է պահանջում, բայց ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն չի ունենալու հիմնականում ռազմական ու քաղաքական խոչընդոտներից ելնելով։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն կաջակցի մասնագետներ ու կադրեր տրամադրելու տեսանկյունից։

Այդուհանդերձ, ԱԹՍ-ների գծով փորձագետ Դենիս Ֆեդուտինովի կարծիքով՝ Թայվանի անօդաչուների ներուժը Չինաստանի ունեցած ԱԹՍ-ների պարկի ու տեղական արտադրության համեմատ չափազանց չնչին է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բաց աղբյուրներից հայտնի է՝ ամերիկյան զինուժը չինական ափերը հետախուզելու համար կիրառում է Global Hawk ԱԹՍ-ներ։ Դրանք ունակ են թռիչքներ կատարել մինչև 18 կմ բարձրության վրա, ինչը մի շարք ՀՕՊ համակարգերի համար անհասանելի է դարձնում դրանք։ Չինացիներն էլ իրենց հերթին սկսել են արտադրել անօդաչուների դեմ պայքարի այլ միջոցներ, օրինակ՝ ՌԷՊ համակարգեր։

Հավելենք, որ Թայվանը ստեղծվել է չինական վերահսկողության տարածքներում 1949-ին Հոմինդյան կուսակցության կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր Չինաստանի կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունները սրված են, քանի որ ՉԺՀ-ն Թայվանն իր տարածքն է համարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *