Աֆղանստանում ISAF-ի շրջանակներում ծառայող վրացի զինծառայողներն աֆղան զինծառայողների համար հրետանային միջոցների տեխնիկական սպասարկման դասընթաց են իրականացրել։
Երեք շաբաթ տևողությամբ վարժանքներն իրականացվում էին Կանդագար նահանգի «Eagle» ռազմաբազայում։ Տեսական և գործնական հատվածն անցել է լսարաններում և հրետանային միջոցների պահոցում։
Հավելենք, որ դասընթացների իրականացման ժամանակ դրանց անվտանգությունն ապահովել են վրացի զինծառայողները։
Աֆղանական կողմից վարժանքներին մասնակցել են Ազգային բանակի 205-րդ կորպուսի զինծառայողները։ Դասընթացը ղեկավարել է Վրաստանի զինված ուժերի լեռնահետախուզական գումարտակի հրահանգիչ, փոխգնդապետ Միխաիլ Կամխաձեն։
Դասընթացի ավարտին գլխավոր հրահանգիչը մասնակիցներին հավաստագրեր է հանձնել։ Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի ԶՈւ լեռնահետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Իլյա Տիկուրիշվիլին, ինչպես նաև Աֆղանստանի Ազգային բանակի 205-րդ կորպուսի և «Հերո» ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Համիդուլլա Համիդը և Զաբուլի նահանգի 2-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մուհամեդ Աքրամ Սոմին։
Աֆղանական կողմը միջոցառման ավարտին շնորհակալություն է հայտնել վրացական զորախմբին՝ նշելով, որ վարժանքները շատ կարևոր էին, և հետագայում նույնպես կպահպանվի համագործակցությունը։
Նշենք, որ հրետանային միջոցների սպասարկման դասընթացների անցկացման որոշումը կայացվել է ամերիկա-ավստրալական կողմերի բանակցությունների ընթացքում։
Տեղեկացնենք, որ վրացի խաղաղապահներն ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ծառայում են 2009-ի օգոստոսից։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info