Ավիակիրային աժիոտաժ Պարսից ծոցի շուրջ. պարզաբանումներ

Վերջերս լրատվամիջոցները հաճախ են հայտնում այս կամ այն ամերիկյան ավիակրի՝ Պարսից ծոց մտնելու կամ այնտեղից դուրս գալու մասին։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ գործողությունները կապված են Իրանի խնդրի սրման կամ հակառակը՝ հանդարտվելու հետ։

Իրականում ամերիկյան երկու՝ «CVN-70 Կարլ Վինսոն» և «CVN-72 Աբրահամ Լինքոլն» ավիակիրները Պարսից ծոցի շրջանում միասին հերթապահում են հունվարի կեսից։ Մինչ այդ հերթապահոթյունն իրականացնում էին այլ ավիակիրներ։ Պարսից ծոցի շրջանում է նաև «LHD-8 Մաքին Այլընդ» ունիվերսալ դեսանտային նավը (ամերիկյան ունիվերսալ դեսանտային նավերն, ըստ էության, նույնպես ավիակիրներ են)։ Այդ երեք ավիակիր խմբերը հունվարից ի վեր մշտապես նավարկում են Արաբական ծովում՝ ժամանակ առ ժամանակ մտնելով Պարսից, Օմանի և Ադենի ծովածոցեր։

Պարսից ծոց մուտք գործելն ինքնին իրավիճակի սրվելու նշան չէ, դեռ ավելին, Ծոցն ամենաանհարմար տեղն է, որտեղ պետք է գտնվեն ավիակիրներն Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։ Չպետք է մոռանալ, որ Իրանի տրամադրության տակ կան հականավային որոշակի միջոցներ, և ինչքան էլ կասկածի տակ դրվի դրանց մարտունակության և արդյունավետության աստիճանը, այնուամենայնիվ նման համեմատաբար փոքր և սահմանափակ տարածքում դրանք էական վտանգ կարող են ներկայացնել ավիակիրների համար, որոնք Պարսից ծոցում բավականին հարմար թիրախներ են։

Բնական է, որ նման չարդարացված ռիսկի ամերիկացիները չեն գնա և, եթե որոշեն պատերազմ սկսել, ապա ավիակիրները կլինեն Իրանի ափերից անվտանգ հեռավորության վրա։

Մյուս կողմից, չի բացառվում, որ ավիակիրների պարբերաբար մուտքը Ծոց, Իրանի վրա հոգեբանական ճնշման միջոց է։

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ Իրանի շուրջ զարգացումներ չկան։ Բավականին ուշագրավ էր Պարսից ծոցի շրջանում ականահան նավերի քանակը 4-ից 8-ի հասցնելու ԱՄՆ որոշումը, ինչի արդյունքում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ականահան ուժերը տարածաշրջանում կկազմեն 15 նավ։ Այդ մասին մենք նախկինում արդեն տեղեկացրել էինք։ Ականահան նավն, իհարկե, ավիակիր չի, բայց Իրանի` Հորմուզի նեղուցը ականապատելու և փակելու սպառնալիքների ֆոնին ականահանների քանակի ավելացումը կարևոր հանգամանք է։

Վերադառնալով ավիակիրների թեմային, հիշեցնենք, որ այս պահին տարածաշրջան է ուղևորվում նաև ամերիկյան «CVN-65 Էնթերփրայզ» ավիակրը, որը նախորդ շաբաթ մտավ Միջերկրական ծով և առաջիկայում հունական Պիրեյ նավահանգստում պաշարները համալրելուց հետո Կարմիր ծովով կանցնի Արաբական ծով։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ սա դառնալու է «Էնթերփրայզի» վերջին նավարկությունը։

Տարածաշրջանում «Էնթերփրայզի» հայտնվելով ամերիկյան ավիակիրների քանակը կդառնա 4, սակայն կարծում ենք, որ դա երկար չի տևի, և «Էնթերփրայզը» կփոխարինի արդեն հերթապահություն իրականացնողներից մեկին, ամենայն հավանականությամբ` «Կարլ Վինսոնին»։

One response to “Ավիակիրային աժիոտաժ Պարսից ծոցի շուրջ. պարզաբանումներ

  1. Pingback: «Կառլ Վինսոն» ավիակիրը հեռանում է Արաբական ծովից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *