«Էնթերփրայզ» ավիակիրը դուրս է եկել վերջին նավարկության (վիդեո)

Մարտի 12-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էնթերփրայզ» (CVN-65) ավիակիրը դուրս է եկել իր վերջին նավարկության։ Այդ նավարկությունն ավիակիրը անց է կացնելու Ադենի ծովածոցում։

Ինչպես հայտնի է, այդ ծովածոցում բավականին հաճախակի ծովահենների հարձակումները, և «Էնթրփրայզի» այնտեղ հայտնվելը ծովածոցը ավելի անվտանգ կդարձնի։ Սակայն հասկանալի է, որ միայն ծովահենների համար ավիակիր այնտեղ չէին ուղարկի և «Էնթերփրայզի» առաջնային նպատակը Իրանն է լինելու, եթե այդ երկրի շուրջ լարվածությունը շարունակի մեծանալ։

Ադենի ծովածոցում ավիակիրը կմնա մինչև տարեվերջ, որից հետո այն դուրս կբերվի ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմից։ Ինչ վերաբերում է նավի ապագային, ապա այդ մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Ամենայն հավանականությամբ այն կվերածվի ջարդոնի, քանի որ թանգարան սարքելը ճանաչվել է ոչ շահութաբեր։ «Էնթերփրայզի» հեռանալուց հետո մինչև նոր` «Ջերալդ Ֆորդ» ավիակրի շարք մտնելը, որը նախատեսվում է 2015 թվականին, ԱՄՆ-ը կունենա 10 ավիակիր։

Նշենք, որ «Էնթերփրայզն» աշխարհում առաջին ատոմային ավիակիրն է։ Նավը ջուրն է իջեցվել 1960թ. սեպտեմբերի 24-ին, իսկ շահագործման է հանձնվել 1961թ. նոյեմբերի 25-ին։ Այն ամենամեծն է ամերիկյան բոլոր ավիակիրներից և ամենահինը գործողների մեջ։ Նավի երկարությունը 342.3 մետր է (աշխարհի ամենաերկար մարտական նավն է)։ Նավի ջրատարողությունը 73858 տոննա է, իսկ լրիվ ջրատարողությունը` 93400 տոննա։ Այդ հսկան մեքենան շարժման մեջ են դնում ընդհանուր 210 ՄՎտ հզորությամբ 8 ռեակտորները, ինչը նույնպես բացառիկ է ” որևէ այլ նավ այդքան ռեակտոր չունի։

Ավիակիրը կրում է մինչև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, իսկ անձնակազմը շուրջ 5000 հոգի է։ «Էնթերփրայզը» մասնակցել է ԱՄՆ-ի վարած խոշոր պատերազմներում և կոնֆլիկտներում. Կարիբյան ճգնաժամ (Կուբայի բլոկադա), Վիետնամի պատերազմ, Իրաքյան պատերազմներ, Աֆղանստանի պատերազմ և այլն։

Հավելենք նաև, որ ամերիկյան երկու այլ ավիակիրներ` «Կարլ Վիլսոնը» և «Աբրահամ Լինքոլնը» այս պահին գտնվում են Պարսից ծոցի շրջանում։ Վերջին շաբաթների ընթացքում, ըստ էության, ամերիկյան բոլոր ավիակիրներից միայն այդ երկուսն էին ծովում, իսկ մյուսները կամ նորոգման էին կանգնած, կամ կայանված էին նավահագիստներում։ Բացառություն էր տուն վերադարձող «Ջոն Ստեննիս» ավիակիրը, որը նույնպես նավահանգստում էր մարտի սկզբին։ Բայց վերջին օրերին «Էնթերփրայզից» բացի ծով է դուրս եկել նաև «Ջորջ Բուշ» ավիակիրը որակորում անցնելու համար։ Այսպիսով այս պահին ամերիկյան 11 ավիակիրներից 4-ը ծովում են։

Ամերիկյան ռազմածովային ուժերի և առաջին հերթին ավիակիրների վերաբերյալ խորհուրդ ենք տալիս կարդալ նաև Իլյա Կրամնիկի. Тяжкое бремя могущества հոդվածը։

One response to “«Էնթերփրայզ» ավիակիրը դուրս է եկել վերջին նավարկության (վիդեո)

  1. Pingback: Ավիակիրային աժիոտաժ Պարսից ծոցի շուրջ. պարզաբանումներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *