Պաշտոնից ազատվել է զորամասի հրամանատար

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով աշխատանքից ազատվել է զորամասի հրամանատարը և մի քանի բարձրաստիճան զինվորականներ:

Հաղորդագրության մեջ ասվում է.

ՀՀ զինված ուժերում պարբերաբար անցկացվում են անակնկալ ստուգումներ, որոնց ընթացքում երևան են գալիս խախտումներ և թերացումներ: Հայտնաբերվող թերացումները և դասալքության դեպքերն անպատիժ չեն մնում:

Նման ստուգումներից մեկի արդյունքում արձանագրվել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի մի քանի զինծառայողներ պարբերաբար ինքնակամ լքել են զորամասը: Ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասի հրամանատարն ու պատասխանատու բարձրաստիճան սպաներ մարտի 31-ին հրավիրվել են ՀՀ պաշտպանության նախարարություն:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից խիստ քննադատության են արժանացել զորամասի հրամանատարը, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և մի շարք սպաներ: Նախարար Սեյրան Օհանյանը հրահանգել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայողներին տեղափոխել այլ զորամասեր՝ զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, իսկ զորամասի հրամանատարը և մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերը գտնվում են պաշտպանության նախարարության անմիջական հսկողության ներքո և նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

One response to “Պաշտոնից ազատվել է զորամասի հրամանատար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *