Ռուս-հնդկական ռազմարդյունաբերական համագործակցություն

Մարտի 29-ից ապրիլի 1-ը Դելիում տեղի է ունեցել Defexpo-India-2012 ռազմական ցուցադրությունը, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Ցուցադրության ժամանակ Ռուսաստանը ներկայացրել է նորագույն սպառազինությունների մի շարք նմուշներ, որոնց շարքում են «Կալաշնիկով» ավտոմատի նոր տեսակներ (AK-101, AK-102, AK-103 և այլն), Նիկոնովի AН-94 ինքնաձիգը, «Վիտյազ» և «Բիզոն» ատրճանակ-գնդացիրներ, կարաբիններ և այլ հրաձգային զենքեր: Առաջին անգամ ցուցադրվել է նաև T-90C տանկի նորացված տարբերակը: Բացի նոր զինատեսակների ցուցադրությունից Ռուսաստանը մասնակցում է նաև 4 մրցույթների` հնդկական զինված ուժերում առկա T-72 տանկերի նորացման, հակատանկային և հակաօդային միջոցների և «Սմերչ» ռեակտիվ կայանների ռազմամթերքի մատակարարման: T-72 տանկերի նորացումը հատկապես կարևոր է հնդկական բանակի համար, ընդորում, ռուսական կողմը, ի տարբերություն այլ պետությունների, առաջարկում է դրանց նորացման համալիր ծրագիր:
Ռուսաստանը հանդես է եկել մի շարք նոր առաջարկներով, որոնցից ամենակարևորը, թերևս, համատես ռուս-հնդկական ձեռնարկությունների ստեղծումն է: Եթե նախկինում ռուսական կողմը վաճառում էր անհրաժեշտ քանակությամբ զինատեսակները և դրանց արտոնագրերը, ապա այժմ պատրաստ է միասնական արտադրություն սկսել: Համատեղ ձեռնարկություն ստեղծելու առաջին փորձն արվել է Վենեսուելայի հետ, որտեղ արտադրվում են AK 100-րդ դասի ինքնաձիգեր:

Ռուսներն այս նորարարությունը փորձում են իրականացնել նաև ռազմածովային տեխնիկայի ոլորտում: Հայտնի է, որ տարեվերջին կավարտվի «Ծովակալ Գորշկով» ավիակիրի վերափոխման աշխատանքը, որը կատարվում է հնդկական կողմի պատվերով: Նախատեսվում է, որ դեկտեմբերին «Վիկրամադիտյա» հնդկական անունը ստացած ավիակիրը հանձնվելու է Հնդկաստանի ռազմածովային ուժերին: Զուգահեռաբար ռուսական կողմն առաջարկել է ավիակիր կառուցելու միասնական պլատֆորմ մշակել, որի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ խոսքը ծանր ավիակիրների մասին է, ինչպիսին ռուսական «Ծովակալ Կուզնեցովն» է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ռուսաստանը 10 տարով վարձակալության է տվել «Ներպա» միջուկային սուզանավը, որը Հնդկաստանի նավատորմին պաշտոնապես կմիանա ապրիլի 4-ին:

Ազբյուրները։
Россия в Индии показала модернизированный Т-90С
Россия предлагает Индии совместное проектирование авианосца
Россия предлагает Индии купить лицензию на производство автоматов АК «сотой» серии
Россия участвует в четырех тендерах Минобороны Индии по сухопутной тематике
Авианосец «Викрамадитья» будет передан ВМС Индии в 2012 году

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *