ԱՄՆ նավատորմի 2 ռազմանավեր արդեն Սև ծովում են

Պենտագոնը և ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբը հաստատել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Մաունթ Ուիթնի և Թեյլոր ռազմանավերը փետրվարի 5-ին մուտք են գործել Սև ծովի ջրային տարածք։

ԱՄՆ ՌԾՈւ «Մաունթ Ուիթնի» ռազմանավը

ԱՄՆ ՌԾՈւ «Մաունթ Ուիթնի» ռազմանավը

Այս մասին տեղեկացնում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ ԱՄՆ ՌԾՈւ փոխծովակալ Ջոն Քիրբիի խոսքերով՝ նավերը կկայանեն նավահանգիստներում, իսկ անձնակազմերը կմասնակցեն ուսումնական վարժանքների։

Նկատենք, որ այնուհանդերձ ՌԴ ՌԾՈւ-ն երբևէ չի հայտարարել, որ նախատեսում է ամերիկյան ռազմանավերի մուտքը ռուսաստանյան ջրային տարածքներ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էին՝ ամերիկյան Մաունթ Ուիթնի և Ռեմեջ ռազմանավերը, որոնց անձնակազմը մոտ 600 հոգի է, մուտք են գործելու Սև ծով, սակայն ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը։

Նշենք, որ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով Սև ծով մուտք գործելուն վերաբերող կոնվենցիայի համաձայն՝ Սև ծով մուտք չունեցող երկրների նավերը կարող են Սև ծովի ջրային տարածքներում մնալ ոչ ավել, քան 21 օր։

Հավելենք, որ հունվարի սկզբին Պենտագոնը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել ռազմանավեր և բեռնատար ինքնաթիռներ օլիմպիական խաղերին վտանգի դեպքում պաշտոնատար անձանց տարհանելու ու ՌԴ անվտանգության մարմիններին աջակցելու նպատակով։ Սակայն ռուսական կողմը չէր արձագանքել այս առաջարկին ևս. ռուսական մամուլը նկատել էր՝ ՌԴ-ն երբևէ անվտանգության ապահովման հարցով չի  ակնարկել ու չի դիմել Պենտագոնին։

Բացի այդ,  ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի քարտուղար Մարտին Դեմփսին Բրյուսելում իր պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ առաջին երկկողմ հանդիպմանն առաջարկել էր օլիմպիադայի այցելուների ու մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով օգտագործել  հատուկ էլեկտրոնային տեխնոլոգիաներ, որոնք ժամանակին օգտագործվել են Աֆղանստանում և Իրաքում ինքնաշեն պայթուցիկներին հակազդելու համար։

 

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *