Զրահամեքենաներ արտադրող թուրքական ընկերությունը կհանվի աճուրդի

Թուրքիայի կառավարությունն աճուրդի է հանելու զրահատեխնիկա արտադրող BMC ընկերությանը, որը 2013-ին սնանկ էր ճանաչվել։ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում է շուրջ 455 մլն ամերիկյան դոլար, փոխանցում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը։

Kirpi

Kirpi

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մաս էր կազմում «Չուքուրովահոլդինգին», վաճառքի է հանվելու ապրիլի 10-ին։ Աճուրդի մասնակիցներն իրենց առաջարկները թուրքական կառավարությանն են հանձնելու փակ ծրարներով։

Հեղինակավոր «Ջեյնս» ռազմական հանդեսի վկայությամբ՝  BMC ընկերությունը ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են չինական Jianghuai Automobile Co (JAC) և իտալական Iveco ընկերությունները։

Նշենք, որ 2013-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց 2009-ին BMC ընկերության հետ կնքած պայմանագիրը, որով նախատեսվում էր թուրքական զինուժին փոխանցել 468 միավոր MRAP դասի Kirpi զրահամեքենա։ Պայմանագրի խզման պատճառը զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումներն էր։ Խոշոր պայմանագրի խզումն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունենա։

Մինչ պայմանագրի խզումը, BMC-ն թուրքական զինուժին է փոխանցել 293 զրահամեքենա, որոնք ներկայում շահագործվում են։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *