Ռազմաշաբաթ. Հայաստան. փետրվարի 2-8

535 մլն դրամ՝ Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի համար: Հայկական զինուժի կորուստները հունվար ամսին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պատվիրակությունը Հայաստանում է: ԱԱԾ-ն լրտեսության մեղադրանքով նախկին բարձրաստիճան ոստիկանի է ձերբակալել:

— Փետրվարի 6-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում որոշվեց Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարության համար հատկացնել ավելի քան 535 մլն ՀՀ դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը տեղեկացրել է, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ:

— Հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունվարի 1–31 ժամանակահատվածում 4 զոհ և 1 վիրավոր է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։

— Փետրվարի 4-5 պաշտոնական այցով Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված հարցեր։

— 2014-ի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևանի բնակիչ 60-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը՝ Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։ Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013-ի օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն, կապ հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր օգնությունը:

— Փետրվարի 7-ին Արցախի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ դիտորդները հայ-ադրբեջանական շփման գծի պլանային դիտարկում են անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Նշենք, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *