ԱՄՆ-ի ռազմանավեր՝ Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության համար

Օրերս համացանցում տարածված ահաբեկչական խմբավորման սպառնալիքներից հետո ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ-ին աջակցել Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու հարցում՝ Սև ծովում տեղակայելով 2 ռազմանավ։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավեր

ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավեր

Խոսքն այն տեսագրության մասին է, որտեղ կամ Իրաքի «Անսար ալ-Սուննա»  կամ էլ Հյուսիսային Կովկասի «Վիլայաթ Դագեստան» իսլամիստական խմբավորման զինյալները սպառնում են ահաբեկչություն իրականացնել Սոչիում։

Ինչպես հաղորդում է ամերիկյան Fox News լրատվական գործակալությունը, Պենտագոնը պատրաստակամություն է հայտնել ռուսական կողմի առաջին իսկ հարցման պարագայում իր ռազմանավերը մոտեցնել ափին։

Բացի այդ, Պենտագոնը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել նաև բեռնատար ինքնաթիռներ, որոնք վտանգի առկայության ժամանակ կտարհանեն խաղերը դիտելու ժամանած պաշտոնատար անձանց։ CNN-ի տվյալներով` դրանք C-17 ինքնաթիռներն են, որոնք տեղակայված են Գերմանիայի տարածքում, և կարող են երկու ժամում հասնել Սոչի։

Սակայն նկատենք, որ Ռուսաստանն օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման խնդիրներն ԱՄՆ-ի օգնությամբ լուծելու մասին երբևէ չի ակնարկել ու չի բարձրաձայնել։

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը նույնիսկ կոչ էր արել իր քաղաքացիներին զգոն լինել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ «առկա է հավանական ահաբեկչության սպառնալիք»։ Բացի այդ, ամերիկացի մարզիկների պաշտպանության համար ԱՄՆ իշխանությունները վարձել են Global Rescue մասնավոր ընկերությունը։

Հավելենք, որ Սոչիի օլիմպիական խաղերն անցկացվելու են 2014-ի փետրվարի 7-23-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *