9 հոգանոց հասարակ ստորաբաժանումը հետ է մղել 30 դիվերսանտի. Սեյրան Օհանյան

Հունվարի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ։

Օհանյանին ուղեկցել են բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև «ԻԴԵԱ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը։

Սեյրան Օհանյանը և Ռուբեն Վարդանյանը եղել են ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ դպրոցում ստեղծված վիրտուալ հրաձգարանում, ռազմամարզական և խաղային հրապարակներում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության կաբինետում, որը կրում է դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի անունը: Հյուրերը հետևել են դպրոցի աշակերտների միջև վիրտուալ հրաձգարանում կազմակերպված մրցույթին, ինչից հետո աշակերտները հյուրերի համարՀայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում են կազմակերպել:

Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

«Դիրքում կանգնած 9 հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- անդրադառնալով դիվերսիոն խմբերին հետ շպրտելու գործողությանը` նշել է Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *