ԱՄՆ-ն առաջարկել է ՌԴ-ին օլիմպիական խաղերին կիրառել անվտանգության հատուկ սարքավորումներ

ԱՄՆ զինված ուժերը ՌԴ-ին առաջարկել է Սոչիի օլիմպիական խաղերին կիրառել հատուկ էլեկտրոնային տեխնոլոգիաներ, որոնք ժամանակին օգտագործվել են Աֆղանստանում և Իրաքում ինքնաշեն պայթուցիկներին հակազդելու համար։

ԱՄՆ ԶՈւ միացյալ շտաբերի պետերի կոմիտեի քարտուղար Մարտին Դեմփսի

ԱՄՆ ԶՈւ միացյալ շտաբերի պետերի կոմիտեի քարտուղար Մարտին Դեմփսի

Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ նման նախաձեռնությամբ ռուսական կողմին դիմել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի քարտուղար Մարտին Դեմփսին Բրյուսելում իր պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ առաջին երկկողմ հանդիպմանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպումից քիչ բան է հայտնի։ Գեներալ Դեմփսին առաջարկել է Վալերի Գերասիմովին ուշադրություն դարձնել ամերիկյան հատուկ սարքերի արդյունավետության վրա. դրանք ունակ են խափանել ռադիոազդանշաններն ու ռադիոալիքները, որոնց օգնությամբ հնարավոր է հեռավորության վրա կառավարել ինքնաշեն պայթուցիկները։ Դեմփսին հավելել է, որ ինքնաշեն պայթուցիկներն առաջնային սպառնալիքների շարքում են Աֆղանստանում և Իրաքում, քանի որ զինյալները դրանք օգտագործում էին ամերիկացի զինծառայողների դեմ։

Գերասիմովն էլ իր հերթին նշել է՝ նախ պետք է հասկանալ, թե ամերիկյան այդ սարքավորումներն արդյոք բարեհաջող կերպով կինտեգրվեն ՌԴ անվտանգության համակարգում։

Համաձայն աղբյուրի՝ կողմերն այդպես էլ որևէ համաձայնության չեն եկել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ էր արել իր քաղաքացիներին զգոն լինել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ «առկա է հավանական ահաբեկչության սպառնալիք»։

Բացի այդ, ամերիկացի մարզիկների պաշտպանության համար ԱՄՆ իշխանությունները վարձել են Global Rescue մասնավոր ընկերությունը։

Բացի այդ, հունվարի 20-ին հայտնի էր դարձել՝ Պենտագոնը պատրաստ է տրամադրել ռազմանավեր և բեռնատար ինքնաթիռներ օլիմպիական խաղերին վտանգի դեպքում պաշտոնատար անձանց տարհանելու ու ՌԴ անվտանգության մարմիններին աջակցելու նպատակով։ Սակայն ռուսական կողմը չէր արձագանքել այս առաջարկին ևս. ռուսական մամուլը նկատել էր՝ ՌԴ-ն երբևէ անվտանգության ապահովման հարցով չի  ակնարկել ու չի դիմել Պենտագոնին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *