2014-ի հունվարին՝ 7 զոհ, 13 վիրավոր, իսկ փետրվարի առաջին շաբաթում՝ մեկ կորուստ, մեկ վիրավոր։ Հայտնի է դարձել Սիրիայում 5 ադրբեջանցի զինյալի և Ադրբեջանի 8 քաղաքացու սպանության մասին։ Զաքիր Հասանովն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։
— Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 7 զոհի և 13 վիրավորի մասին։
— Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ավագ լեյտենանտ, 1984-ին ծնված Նիզամի Նազըմ օղլու Գուլիևը իր «Opel» (99 EU 720) ավտոմեքենայով Բաքու-Ղուբա ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։ Սա փետրվարի սկզբից հայտարարված առաջին վիրավորն է։
— Փետրվարի 6-ին ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից» առաջնագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևը։
— Փետրվարի 5-ին ադրբեջանական ԱՊԱ-ն հաղորդում է Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում սպանված, «Ալ Նուսրայի ճակատ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման 3 զինյալների մասին։ Փետրվարի 5-ին պարզ է դարձել, որ սպանվածը մի քանի տարի միջազգային հետախուզման մեջ է, և նրա մասին տեղեկություններ են առկա Ինտերպոլի կայքում։
— Փետրվարի 6-ին ադրբեջանական լրատվակայքերում տեղեկություններ են հրապարակվել Սիրիայում իսլամիստական «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման սպանված ևս 2 զինյալների, ինչպես նաև ենթադրաբար Բաշար Ասադի համախոհների շարքերում մարտնչող 8 սպանված ադրբեջանցիների մասին։
— «Լեզգիների մզկիթի» «Սամուրների հավատացյալներ» կրոնական համայնքի ղեկավարը հերքել է «Կովկասի մուսուլմանների» վարչության հայտարարությունը, թե իրենց մզկիթը զինյալներ է պատրաստում և ուղարկում Սիրիա։
— Փետրվարի 6-ին Սիրիայի զինյալների խմբավորումները գրոհել են Հալեպ քաղաքի կալանավայրի վրա։ Մարտերում սպանվել է ադրբեջանցի զինյալների հրամանատարներից մեկը, չեչեն գրոհային Սեյֆուլլահ Շիշանին։
— Փետրվարի 5-ին թուրքական TAI ընկերությունը Բաքվում անցկացրել է իր Anka (Անքա) անօդաչու թռչող սարքի՝ Ադրբեջանի զինված ուժերի համար նախատեսված ցուցադրությունը։ Ադրբեջանը հետաքրքրվածություն է ցուցաբերել այս ԱԹՍ-ների նկատմամբ։
— Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 4-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորային (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկին և խոսել առաջնագծում լարված իրավիճակից։
— Պաշտոնական տվյալներով Զաքիր Հասանովը հայ-ադրբեջանական շփման գիծ աշխատանքային գործուղման է մեկնել՝ առաջնագծի զորամասերում իրավիճակը գնահատելու: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ նախարարն իրականում Բարդայում տեղակայված առաջին բանակային կորպուսում արտակարգ խորհրդակցություն է անցկացրել՝ «զինծառայողների մահվան դեպքերի հաճախակի լինելու, մարտական պատրաստվածության խնդիրների համար պատժելով որոշ հրամանատարների»:
— 2014-ի հունվարի 31-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Խաչիկ Մարտիրոսյանը՝ Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու փորձի մեղադրանքով։ ՀՀ ԱԱԾ-ն փետրվարի 6-ին հայտարարել է, որ բոլոր ապացույցները կներկայացվեն դատարանում։
Ռազմաշաբաթը նաև՝