«Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել է Ադրբեջանին նոր բեռնատար Մի-35Մ ուղղաթռիռների տրամադրման գործընթացը։ Վերջին խմբաքանակը պատվիրատուին փոխանցել են հունվարի 21-ին Բաքվի օդանավակայանում։
«Ջեյնս» ռազմական վերլուծական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանն իր ռազմաօդային ուժերի Մի-24Գ ուղղաթիռները փոխարինելու է հենց Մի-35Մ-երով։ Սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղը գրում է, որ ուղղաթիռները պատվիրել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Այնուհանդերձ, դատելով ինքնաթիռի բեռնախցիկում տեղադրված արկղերի վրայի նշումներից՝ ուղղաթիռներն ամենայն հավանականությամբ նախատեսված են ոչ թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, այլ սահմանապահ զորքերի համար։
Նշենք, որ Մի-35Մ ուղղաթիռների գնման պայմանագիրը ստորագրվել է 2010-ի դեկտեմբերին, իսկ ուղղաթիռները սկսել են մատակարարել 2011-ի դեկտեմբերից։
2011-ի դեկտեմբերի կեսին Russianplanes.net կայքում հրապարակվել էին Ադրբեջանի համար նախատեսված առաջին 4 միավոր Մի-35-երի լուսանկարները։ Լուսանկարներն արվել էին դեկտեմբերի սկզբին` Ռոստովի օդանավակայանում, իսկ արդեն դեկտեմբերի 12-ին «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը պատկանող «Ան-124-100» (կ/հ RA-82043) ինքնաթիռը ուղղաթիռները տեղափոխել է Ադրբեջան։
Դեկտեմբերի 22-ին դրանք նայելու է եկել անձամբ Իլհամ Ալիևը։ Դեկտեմբեր ամսվա մեջ Ադրբեջանը ստացել է ևս երկու հատ Մի-35Մ։
2012-ի ապրիլին հայտնի է դարձել, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրվելիք հերթական խմբաքանակը։
2012-ի նոյեմբերին ավարտվել է «Մի-35Մ» ուղղաթիռների ադրբեջանական պատվերի հերթական խմբքանակի՝ ևս 4 միավոր ուղղաթիռների արտադրությունը, և դրանք տեղափոխվել են Դոնի Ռոստովի օդանավակայան, որտեղից էլ՝ Ադրբեջան։ Այս տեղեկությունը «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից հաստատել են Դուբայում ավիացուցադրության ժամանակ՝ նոյեմբերի կեսերին։
Ադրբեջանը գնել է նաև Մի-35Մ ուղղաթիռի սիմուլյատորներ՝ օդաչուներին ուսանելու համար։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ուղղաթիռների գնումն Ադրբեջանում արդեն քննարկումների տեղիք է տվել։ Ադրբեջանի փորձագետների մի մասը փաստում է, որ ուղղաթիռներ ձեռք բերելու համար ընտրել են ՌԴ-ն, քանի որ ամերիկյան մոդելների գնի տեսանկյունից ձեռնտու չէին, իսկ Թուրքիայի արտադրած ուղղաթիռները նոր են և փորձարկումների ենթակա։ Շեշտվում է նաև, որ Մի-35Մ-երը կառավարելու և սպասարկելու համար Ադրբեջանը բավարար մասնագետներ չունի, ուստի ժամանակ է պետք նրանց վերապատրաստելու։
Մի-35Մ ուղղաթիռը Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից մեկն է։ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով. ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։
Ուղղաթիռներն ունեն գիշերային հսկման համակարգ, RTV-445MGH մոդելի ջերմացույց համակարգ, որը թույլ է տալիս ավելի քան 4 կմ հեռավորության վրա թիրախների հայտնաբերել, բացի այդ, Մի-35Մ-երն օժտված են GPS115L GARMIN արբանյակային նավիգացիոն համակարգով։
Ուղղաթիռի սպառազինությունն են կազմում հակատանկային կառավարվող 8 Շտուրմ-Վ հրթիռները, չկառավարվող 80 մմ տրամաչափի C-8 և 240 մմ տրամաչափի C-24 հրթիռները, 12.7 տրամաչափի 9-А-629 գնդացիրը, 7.62 տրամաչափի 2 հատ 9-А-622 գնդացիրը, 30 մմ տրամաչափի 9-А-800 նռնականետը, 50-500 կգ զանգվածով ռումբեր։
Բազային ուղղաթիռի համեմատ նորացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, բարելավվել է մանևրունակությունը և որոշ չափով ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։ Բացի այդ Մի-35Մ-ը ստացել է Մի-28-ի ղեկային պտուտակներ, իսկ շասսին թռիչքի ընթացքում չի հեռացվում։
Pingback: ՌԴ-ն ցուցադրել է Իրաքի համար նախատեսված Մի-28ՆԷ ուղղաթիռները | Ռազմ.info
Pingback: Իրաքը ՌԴ-ից ստացել է Մի-35Մ ուղղաթիռների երրորդ խմբաքանակը | Ռազմ.info
Pingback: Իրաքը հաստատել է ՌԴ-ից գնած արդեն երկրորդ Մի-35Մ ուղղաթիռի կորուստը | Ռազմ.info
Pingback: Ղազախստանը ՌԴ-ից գնել է 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ | Ռազմ.info