Իրաքը հաստատել է ՌԴ-ից գնած արդեն երկրորդ Մի-35Մ ուղղաթիռի կորուստը

Իրաքի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հաստատել է իր ունեցած Մի-35Մ բեռնատար ուղղաթիռներից ևս մեկի կորստի տեղեկությունը։ Իրաքը նման ուղղաթիռներ ձեռք էր բերել 2013-2014 թթ. ՌԴ-ից։

Իրաքի՝ ՌԴ-ից ստացած Մի-35Մ ուղղաթիռը

Իրաքի՝ ՌԴ-ից ստացած Մի-35Մ ուղղաթիռը

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Իրաքի Մի-35-ն ընկել է հոկտեմբերի 3-ին մարտական առաջադրանքի կատարման ժամանակ Իրաքի հյուսիսային Բայջի շրջանում՝ Բաղդադից 200 կմ դեպի հյուսիս։ Անձնակազմի երկու անդամներն էլ մահացել են։

Նկատենք, որ Բաջիում է տեղակայված Իրաքում խոշորագույն նավթամշակման գործարանը, որի մերձակայքում 2014-ի հունիսից թեժ մարտեր են ընթանում ծայրահեղական զինյալների և Իրաքի կառավարական ուժերի միջև։ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները սոցցանցերում վկայել են, որ իրենք են խոցել ուղղաթիռը։

Հիշեցնենք, որ Իրաքի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 27-ին պաշտոնապես հաստատել էր ՌԴ-ից Մի-35Մ բեռնատար ուղղաթիռների երրորդ խմբաքանակի ստացման փաստը։

Համաձայն 2012-2013-ին կնքված պայմանագրերի՝ առաջին 4 միավոր Մի-35Մ-ն Իրաքը ստացավ 2013-ի նոյեմբերին, երկրորդ խմբաքանակը՝ 2014-ի օգոստոսին։ Ընդ որում, 2014-ի ամռան սկզբին արդեն Իրաքի կառավարությունը կիրառեց այս 4 ուղղաթիռներն իսլամիստների դեմ պայքարում։ Դրանցից ոչնչացվել է արդեն առնվազն երկուսը։ Առաջինը կրկին խոցել են «Իսլամական պետության» զինյալները 2014-ի հունիսին Իրաքի կենտրոնական հատվածում՝ Սակլավիա բնակավայրի մերձակայքում։ Ուղղաթիռում այդ ժամանակ 5 հոգի կար, բոլորն էլ մահացել են։

Նկատենք, որ Մի-35 ուղղաթիռների արտադրող «Վերտալյոտի Ռոսսիի» ընկերությունը  2013-ի տարեկան հաշվետվությունում նշել էր՝ արտասահմանյան պատվիրատուներից մեկին տրամադրվելու են 28 միավոր Մի-35Մ և 15 միավոր Մի-28ՆԷ ուղղաթիռներ, իսկ Իրաքը Մի-28-երի առաջին արտասահմանյան պատվիրատուն է։

Մի-35Մ ուղղաթիռը  Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից մեկն է։ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով. ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։

Բազային ուղղաթիռի համեմատ նորացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, բարելավվել է մանևրունակությունը և որոշ չափով  ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։

Բացի այդ, Մի-35Մ-ը ստացել է Մի-28-ի ղեկային պտուտակներ, իսկ շասսին թռիչքի ընթացքում չի հեռացվում։ Անձնակազմը 2 կամ 3 հոգի է, կարող է տեղափոխել 8 հոգու, բեռնատարողությունը՝ 2400 կգ, երկարությունը՝ 17.49 մ, բարձրությունը՝ 4.16 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11 500 կգ, առավելագույն արագությունը՝  300 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առաստաղը՝ 5100 մ, կարող է կրել հակատանկային ու կառավարվող հրթիռներ։

Շահագործող երկրներից են Ռուսաստանը, Վենեսուելան, Բրազիլիան, ինչպես նաև Ադրբեջանը։ ՌԴ-ն ավարտել է վերջինիս Մի-35Մ-երի տրամադրման գործընթացը 2014-ի հունվարի 21-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *