ԱՄՆ դադարեցնում է Եգիպտոսի ռազմական աջակցությունը. սենատոր

Միացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես կասեցնել Եգիպտոսին տրամադրվող ամենամյա ռազմական օգնությունը, իսկ որոշումը նախատեսվում է պաշտոնապես չհրապարակել։

Այս մասին հայտարարել է դեմոկրատ սենատոր Փեթրիք Լեյհին, ով Կոնգրեսի վերին պալատի պետական և արտասահմանյան գործողությունների ենթահանձնաժողովի ղեկավարն է, տեղեկացնում է CNN-ը։

Ամերիկյան հեռուստաընկերությունը նշում է, որ այս որոշումն ամերիկյան ղեկավարությունը ցանկանում է առայժմ գաղտնի պահել և պաշտոնապես չհրապարակել։ Ամերիկյան կողմը նման քայլի է գնացել Եգիպտոսում ստեղծված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ՝ հուլիսի 24-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը ժամանակավորապես դադարեցնում է Եգիպտոսին F-16 կործանիչների տրամադրումը, իսկ օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել եգիպտա-ամերիկյան «Վառ աստղ» զորավարժությունը չեղյալ հայտարարելու մասին։

Այս երկու դեպքերում էլ չէր նշվում, որ Վաշինգթոնը դադարեցնում է Եգիպտոսին ռազմական աջակցությունը։

Նշենք, որ Եգիպտոսն ԱՄՆ-ից տարեկան 1,3 մլրդ դոլարի ռազմատնտեսական օգնություն է ստանում, և այս ցուցանիշով զիջում է միայն իր հարևան Իսրայելին։

Հավելենք նաև, որ օրերս չեղյալ էր հայտարարվել թուրք-եգիպտական «Եղբայրական ծով» զորավարժությունը, որը նախատեսվում էր անցկացնել հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը երկրի նախագահի պաշտոնից հեռացրել էր իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ սերտ կապեր ունեցող Մուհամեդ Մուրսիին և հյուսիսաֆրիկյան այդ երկրում ժամանակավոր կառավարություն ստեղծել։

Մուրսիի կողմնակիցները (հիմնականում՝ իսլամիստները) դուրս էին եկել փողոց, որի ընթացքում բախումներ էին եղել իրավապահ մարմինների հետ։ Ավելի խոշոր և արյունալի բախումները գրանցվել են օգոստոսի 14-15-ին, որոնց ժամանակ 500-ից ավել մարդ էր զոհվել։

Օգոստոսի 18-ին Եգիպտոսում գրանցված հերթական  բախումների հետևանքով զոհվել է 79, վիրավորվել 549 քաղաքացի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *