ԱՄՆ չեղյալ հայտարարեց Եգիպտոսի հետ զորավարժությունը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 15-ին հայտարարել է, որ ամերիկյան կողմը հրաժարվում է Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններից։

ԱՄՆ-ն և Եգիպտոսն ամեն տարի անցկացնում են «Վառ աստղ» զորավարժությունը, որն էլ այս տարի չի կայանա։

Միացյալ Նահանգների՝ ամենամյա զորավարժությունը չեղյալ հայտարարելը կապված է Եգիպտոսում վերջին դեպքերի հետ, որտեղ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանական ուժերի ու զինվորական ժամանակավոր կառավարության միջև արյունալի բախումներ են։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հայտարարել Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնության կրճատման մասին։ Յուրաքանչյուր տարի Վաշինգթոնը շուրջ 1,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում եգիպտական կողմին։

Իր ելույթում Օբաման քննադատել է Եգիպտոսում բռնության ալիքի տարածումը, ինչպես նաև հակամարտող կողմերին կոչ արել «տարաձայնության պատասխանատվություն չդնել ԱՄՆ-ի վրա, քանի որ Եգիպտոսի ժողովուրդն ինքն է որոշում սեփական ճակատագիրը»։

Իր խոսքում Օբաման կրկին խուսափել է Մուրսիի՝ զինվորականների կողմից պաշտոնանկությունը հեղաշրջում կոչել, ինչը հնարավորություն կտա ամերիկյան կողմին շարունակել հարաբերությունները ժամանակավոր կառավարության հետ. եթե Եգիպտոսում իշխանափոխությունը որակվեր հեղաշրջում, ապա ըստ ամերիկյան օրենքների՝ պաշտոնական Վաշինգթոնը չպետք է հարաբերություններ ունենար հեղաշրջմամբ իշխանության եկած կառավարության հետ։

Նշենմք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն որոշել էր ժամանակավորապես դադարեցնել F-16 կործանիչների տրամադրումը Եգիպտոսին։

Նշենք, որ օգոստոսի 14-15-ին բռնության նոր ալիքի պատճառով Եգիպտոսում 500-ից ավել մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել։

Հուլիսի 3-ին Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը երկրի նախագահի պաշտոնից հեռացրել էր իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ սերտ կապեր ունեցող Մուհամեդ Մուրսիին և հյուսիսաֆրիկյան այդ երկրում ժամանակավոր կառավարություն ստեղծել։

Մուրսիի կողմնակիցները (հիմնականում՝ իսլամիստները) դուրս էին եկել փողոցներ, որի ընթացքում բախումներ էին եղել իրավապահ մարմինների հետ։ Ավելի խոշոր և արյունալի բախումները գրանցվել են օգոստոսի 14-15-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *