Եգիպտոսում զինվորականների ու ցուցարարների բախումներից հետո ժամանակավոր անդորր է

Օգոստոսի 15-ին Եգիպտոսի կառավարությունը տվյալներ է հրապարակել։ Ըստ դրանց՝ Եգիպտոսում զինվորականների ու գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 230 մարդ։

Բախումներ՝ Եգիպտոսում

Բախումներ՝ Եգիպտոսում

Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրան»՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը։

Սակայն AFP-ն ներկայացնում է նույն հայտարարությունը՝ վկայելով, որ զոհվածների թիվը 464 է։ Ընդ որում, 43-ը ոստիկանության աշխատակիցներ են, 421-ը՝ քաղաքացիական անձ։

Միևնույն ժամանակ «Մուսուլման եղբայրները» օգոստոսի 14-ին լիովին այլ տվյալներ են ներկայացրել՝ պնդելով, որ միայն սուր բախումների ժամանակ սպանվել է 2000 հոգուց ոչ պակաս։

Նշենք, որ ներկա դրությամբ բարդ է հստակ ասել՝ որ տվյալներն են համապատասխանում իրականությանը։ Դրանք բավականին հակասական են։

Հիշեցնենք, որ անկարգություններն ու ցույցերը մեկնարկել են, երբ ոստիկանական գործողություն է իրականացվել՝ նախկին նախագահ Մուրսիին Կահիրեի հրապարակից դուրս բերելու համար։ Ցույցին հավաքվածները դիմադրություն են ցույց տվել, ինչից հետո էլ բախումներ են եղել։

Հայտնի է միայն, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրի գրեթե ամբողջ տարածքում, իսկ Կահիրեում ու ևս 11 շրջաններում՝ պարեկային ժամ։

«Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալներով՝ հրաժարական տված վարչապետ Մուհամմեդ ալ-Բարադեյի կողմնակիցները սատարում են բանակին ու կողմ են վերջինիս գործողություններին։ Իսկ BBC-ի տվյալներով՝ Եգիպտոսի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հազեմ Բեբլաուին նույնպես արդարացրել է բանակի գործողությունները՝ դրանք որակելով «անվտանգության վերահաստատմանն ուղղված անհրաժեշտություն»։

Հավելենք, որ ներկա դրությամբ երկրում ժամանակավոր անդորր է, բայց «Մուսուլման եղբայրները» արդեն հայտնել են այսօր նոր ցույց կազմակերպելու իրենց մտադրության մասին։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *