Միացյալ Նահանգները որոշել է հետաձգել F-16 կործանիչների տրամադրումը Եգիպտոսին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը։
Վաշինգթոնը որոշել է հետաձգել կործանիչների տրամադրումը եգիպտացիներին՝ կապված այդ երկրում առկա լարված վիճակի հետ։
Նման որոշում է ընդունել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ պատրաստ է կործանիչները Եգիպտոսի զինված ուժերին փոխանցել սահմանված ժամանակացույցով։
ԱՄՆ-ն և Եգիպտոսը 2010 թվականին պայմանագիր էին կնքել, որով ամերիկացիները Կահիրեին վաճառելու էին 20 միավոր F-16 կործանիչ և մի քանի M1 Abrams (Մ1 Աբրամս) տանկ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1,3 մլրդ դոլար։
Նախատեսված 20 միավոր F-16 կործանիչներից 8-ն արդեն մատակարարվել են Եգիպտոսին։ Մյուսները նախատեսվում էին փոխանցել առաջիկա շաբաթների ընթացքում։
Նշենք, որ այս տարվա հուլիսի 3-ին Եգիպտոսի զինված ուժերը պաշտոնից հեռացրել էին երկրի նախագահ, «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամ Մուհամմեդ Մուրսիին, ինչից հետո զանգվածային բախումներ են սկսվել նրա կողմնակիցների և հակառակորդների միջև։