Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով Ադրբեջանում էր

Հունիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ այնուհետ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են պաշտոնական այցով Բաքու մեկնած Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի ու Պակիստանի միջև զորավարժությունները, ինչպես նաև, ըստ հայտարարության, պակիստանյան կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում ականազերծման աշխատանքներին։

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ու Պակիստանի ռազմաքաղաքական ղեկավարության միջև հանդիպումներն ու այցերը ակտիվ բնույթ են ստացել։ Մայիսի 29-31-ը Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդիի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ, այցելել Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիա և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարան։

Հունիսի 9-ին Բաքվում կայացել էր Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Իսկ հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան էր մեկնել Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *