Պակիստանյան պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ռազմակրթական հաստատություններ

Մարտի 31-ին աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակությունը եղել է Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայում և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ռազմակրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ներկա իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Պակիստանի ՌՕՈւ հրամանատարի գլխավորած պատվիրակությանն Ադրբեջան էր ժամանել մարտի 29-ին, հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ։

Իսկ ավելի վաղ՝ մարտի 3-6-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը: Նրանք հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաև ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *