Արցախում ՌԴ խաղաղապահների համար շահագործման է հանձնվելու ևս 25 մոդուլային ավան

Արցախում ռուս խաղաղապահների համար նախատեսված մոբիլ ավանները շահագործման են հանձնվելու ոչ ուշ, քան ապրիլի 5-ը, իսկ մոբիլ հոսպիտալը կսկսի գործել մինչև ապրիլի վերջ։ Այս պահին կահավորման փուլում է բլոկ-մոդուլային 25 ավան, ինչը բավարար է Արցախում գտնվող բոլոր խաղաղապահներին բնակեցնելու համար։

Ռուսաստանի ՊՆ փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, որը մարտի 31-ին Ստեփանակերտում ներկա է եղել 250-հոգանոց խաղաղապահ անձնակազմի համար նախատեսված բլոկ-մոդուլային ավանի բացման արարողությանը։

Մինչ այժմ Արցախի Ստեփանակերտ, Գետավան, Քարաքենդ (Բերդաշեն), Խաչմաչ, Մարտունի և Ասկերան բնակավայրերում շահագործման է հանձնվել 12 բլոկ-մոդուլային ավան։ Նմանատիպ ավաններ կառուցվելու են Սիսիան, Ճարտար, Լաչին, Սոս, Ջանաթաղ, Կարմիր Շուկա, Մարտակերտ, Զառիսլու, Շուշի, Աղավնո, Ջեբրաբերդ և Քարեգահ բնակավայրերում։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ Արցախի տարածքում տեղակայվել են 1960 ռուս խաղաղապահներ, որոնք տեղում իրականացնում նաև ականազերծման աշխատանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *