Ադրբեջանում ապրիլի 1-30-ը պարտադիր զորակոչ կանցկացվի

Ադրբեջանի զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը սկսել է 2021 թ. ապրիլի 1-30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրումը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report լրատվակայքը։

Սույն թվականի մարտի 2-ին Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով՝ ապրիլի 1-30-ը զորակոչվելու են 2003 թ. ծնված և մինչև զորակոչի օրը 18 տարին լրացած, ինչպես նաև 1986-2002 թթ. ծնված և մինչև 35 տարեկանը Ադրբեջանի զինված ուժերում չծառայած, զինծառայության հետաձգման իրավունք չունեցող Ադրբեջանի Հանրապետության՝ արական սեռի քաղաքացիները։

Նշենք, որ Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին։ Ադրբեջանցի երիտասարդները բացի բանակից զորակոչվում են նաև այլ զինված կառույցներ, այդ թվում՝ Պետական սահմանապահ ծառայություն (ՊՍԾ), Արտակարգ իրավիճակների նախարարություն (քաղպաշտպանության զորքեր), Ներքին զորքեր (ՆԳՆ), Պետական հատուկ պահպանության ծառայություն, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *