Թուրքական ԱԹՍ-ներն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար․ Ուկրաինայի ԱԳՆ

Թուրքական անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նա երկու անգամ մտածի, մինչև Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ հարձակում կամ լարվածություն պլանավորելը։ Նույնը վերաբերում է Ուկրաինայի գնած մյուս բոլոր զինատեսակներին։ Եթե ՌԴ-ն Կիևի դեմ լայնամասշտաբ բախման կամ հարձակման գնա, ապա պաշտպանության համար ԱԹՍ-ներն Ուկրաինայի ցանկացած շրջանում կօգտագործվեն։

Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ ի պատասխան թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության այն հարցի, թե արդյո՞ք թուրքական ԱԹՍ-ները կարող են կիրառվել Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասի հակամարտության գոտում։

Ուկրաինայի արտգործանախարար Կուլեբան նշել է, որ պատրաստվում են թուրքական ԱԹՍ-ները վերազինել ուկրաինական շարժիչներով ու աշխատում են տեղայնացնել դրանց արտադրությունը։

Ուշագրավ է, որ նույն օրը Լեհաստանի արտգործնախարարը նույնպես «Անադոլու»-ին հայտնել է, որ Թուրքիայից գնված «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչուները բարձրացնելու են Լեհաստանի և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի մարտունակությունն ու պաշտպանվածությունը։

Նշենք, որ Ուկրաինան 2018թ. վերջին Թուրքիայից գնեց Բայրաքթար տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, որից կարճ ժամանակ անց՝ 2019թ. օգոստոսին թուրքական «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվեց «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։

Հավելենք, որ վերջին ամիսներին Դոնբասի և Ղրիմի հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ խիստ լարված իրավիճակի ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ակտիվ վարժանքներ են իրականացնում հատկապես Ղրիմի հետ սահմանային շրջաններում, այդ թվում կիրառելով թուրքական «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքեր։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *