Թուրքիան ու Լեհաստանը ստորագրել են Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքի համաձայնագիրը

Մայիսի 24-ին Անկարայում Լեհաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ թուրքական ռազմարդյունաբերական «Բայքար» (Baykar) ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարն ու Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ստորագրել են Լեհաստանին Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Այսպիսով, Լեհաստանը դառնում է ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ առաջին երկիրը, որը ստանում է թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Ըստ համաձայնագրի՝ Թուրքիան առաջիկա 4 տարվա ընթացքում Լեհաստանին կմատակարարի 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ, որի առաջին խմբաքանակը՝ 6 միավորը, Լեհաստանը կստանա մինչև 2022 թվականի ավարտը։

Լեհաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Բայրաքթարների մեկ հավաքածուի արժեքը շուրջ 67 մլն ԱՄՆ դոլար է։ Վաճառքի փաթեթը ներառում է շարժական գեոլոկացիոն և սինթեզային ռադիոլոկացիոն համակարգերով կայաններ, հակատանկային հրթիռներ, լազերային MAM-L և MAM-C կառավարվող հրթիռներ, նյութատեխնիկական ապահովման ու ուսումնական փաթեթ, ինչպես նաև սպասարկման և վերանորոգման հնարավորություն ապահովող տեխնոլոգիաների փոխանցում։

Հիշեցնենք, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը մայիսի 22-ին հաստատել էր լեհական Զինված ուժերի համար Bayraktar TB2 ԱԹՍ-ներ ձեռք բերելու լուրը։


Bayraktar TB2 ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Գործողության շառավիղը՝ 150կմ,
Թռիչքային առավելագույն զանգվածը՝ 650կգ,
Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
Թևերի բացվածքը՝ 12մ,
Երկարությունը 6,5մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *