Ի՞նչ է կատարվում Դոնբասում և Ղրիմի շուրջ

Ապրիլի 2-ի վաղ առավոտից չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում (ԴԺՀ) իրադրությունը լուսաբանող որոշ լրագրողներ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակեցին ուկրաինական կողմից տարբեր զինատեսակներով հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Ուկրաինան իր հերթին հայտնեց երկու զինծառայողի վիրավորման մասին։ Ավելի ուշ ուկրաինական կողմից հրետակոծության ու մեկ զինծառայողի մահվան մասին հայտնեց չճանաչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) պաշտպանական գերատեսչությունը։ Ապրիլի 3-ին Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի վարչությունն Ուկրաինային մեղադրեց մեկ երեխայի սպանության և մեկ կնոջ վիրավորման համար։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Դոնբասում հրադադարի խախտման մասին տարածված լուրերի ֆոնին ապրիլի 2-ին առաջին անգամ հեռախոսազրույց ունեցան Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը։ Ըստ Կիևում ամերիկյան դեսպանատան տարածած հայտարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Բայդենը հաստատել է «ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»։

Ստեղծված իրավիճակի շուրջ նույն օրը բրիտանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցան նաև Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Անդրեյ Տառանն ու Բեն Ուոլեսը։

Իսկ ՄԱԿ-ում Ուկրաինայի առաքելությունն Անվտանգության խորհրդին զեկուցեց Դոնբասում անվտանգային իրավիճակի սրման և Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ներկայության աճի մասին՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերն ու ՌԴ նկատմամբ ճնշումը կօգնեն կասեցնել ռազմական սրացումը։

Դեռ նախօրեին՝ ապրիլի 1-ին, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր, թե ըստ իրենց հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի արևելքում՝ հակամարտության գոտում, սադրանքների դիմել։ Ի պատասխան Կիևի մեղադրանքներին՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նախ նշեց, որ Ուկրաինայում այդպիսով փորձում են ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա հույս հայտնեց, որ կհաջողվի խուսափել բացասական սցենարից։

Իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցը, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկելով Դոնբասում անվտանգային իրավիճակը, նշել էր, որ այս տարվա սկզբից «ռուսական զորքերը ավելի քան 570 անգամ խախտել են» հրադադարի ռեժիմն ու հավելել, որ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի զինված ուժերի համատեղ զորավարժության կազմակերպումը, մասնավորապես Ուկրաինայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ավիացիայի հետ համատեղ օդային պարեկության հնարավորությունը, կօգնի կայունացնել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։

Ուշագրավ է, որ նույն օրն ընդունված որոշմամբ Դոնեցկում և Լուգանսկում առաջին անգամ հայտարարվեց 1994-2003 թթ․ ծնված 200-ական քաղաքացիների զորակոչ՝ վեց ամիս ժամկետով։ Դեռևս 2020 թ․ նոյեմբերին սահմանային միջադեպերի աճի ժամանակ խոսվում էր պահեստազորայինների հնարավոր զորահավաքի մասին, սակայն քաղաքական բանակցություններին չխոչընդոտելու նպատակով այն հետաձգվել էր։

Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը Գերագույն Ռադայում հայտարարել էր

«Ղրիմում ռուսական զորքի թիվը հասել է 32 հազարի, իսկ Դոնեցկի ու Լուգանսի շրջանների ժամանակավորապես գրավված տարածքներում տեղակայված են 14 մարտական ​​բրիգադներ, գնդեր և շուրջ 28 հազար անձնակազմով օժանդակ ստորաբաժանումներ, որոնք գործում են ռուսական կանոնավոր զորքերի աջակցությամբ»։

Միևնույն ժամանակ, ըստ Խոմչակի, Ուկրաինային սահմանակից Ռոստովի շրջանում ռուսական կողմը կենտրոնացրել է մինչև 12 գումարտակային մարտավարական խումբ, ինչը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

Ռուսական ուժերի կենտրոնացման վերաբերյալ դեռ նախորդ շաբաթ The New York Times հանդեսին ամերիկյան պաշտոնյաները հայտնել էին, որ խոսքը շուրջ 4000 լրացուցիչ զինծառայողի մասին է։

Դեպի Ուկրաինայի հետ սահման երկաթուղիներով և ճանապարհներով շարժվող ռուսական զինտեխնիկայի մասին վերջերս սոցցանցերում տարածված տեսանյութերը հավաքելու և քարտեզագրելու փորձ է արել Conflict Intelligence Team-ը։ Ըստ աղբյուրի՝ մեծամասամբ Ղրիմից և ՌԴ Ռոստովի մարզից արված տեսանյութերում երևում են տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ, հաուբիցներ ու ինքնագնաց հրետանային կայանքներ, ինչպես նաև անձնակազմի տեղափոխման համար նախատեսված բեռնատարներ։ Որոշ տեսանյութերի վերլուծությունից (1,2) ակնահայտ է դառնում, որ զինտեխնիկան բերվում է ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանից, որը չի սահմանակցում Ուկրաինային։

Ուժերի տեղափոխման մասշտաբը հասկանալու տեսանկյունից նշանակալի է նաև ռուսական «Կոմերսանտ» պարբերականի բացահայտումը, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մեծ թվով երկաթուղային պլատֆորմներ է վերցրել՝ խանգարելով անգամ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարմանը գարնանացանին ընդառաջ։

Դեռևս այս տարվա մարտի սկզբից ուկրաինական կողմին ռազմական տեխնիկայի և զինվորական անձնակազմի կուտակման մեղադրանքներ են ներկայացնում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները, սակայն Ուկրաինան հերքում է զինված հարձակում նախապատրաստելու մասին լուրերը՝ իր հերթին մեղադրելով Ռուսաստանին Ուկրաինայի սահմաններին մոտ՝ Դոնբասում և Ղրիմում զորք ավելացնելու համար։

Մյուս կողմից՝ Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ վերջին ամիսներին վարժանքներ են իրականացնում հատկապես Ղրիմի հետ սահմանային շրջաններում, ինչպես օրինակ մարտի 24-ին ու 27-ին՝ այդ թվում կիրառելով թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։ Ավելին, դեռևս փետրվարի 22-ին Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը հայտնել էր, որ նախորդ տարվանից սկսած երկրի ԶՈւ բոլոր զորամասերը սկսել են պատրաստվել Դոնբասում իրավիճակի սրման դեպքում բնակելի տեղանքներում հարձակողական գործողությունների։


Փոխադարձ մեղադրանքների ֆոնին կողմնակի դիտորդին դժվար է հասկանալ, թե որ կողմն է իրավիճակի սրման նախաձեռնողը, սակայն ակնհայտ է, որ կողմերն ակտիվ ավելացնում են զինուժը հակամարտության գոտում և դրա շուրջ, ու որ Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգն օրեցօր մեծանում է։

Մի բան կարելի է պնդել, որ այս փուլում Դոնբասում իրադարձությունները զարգանում են «սպառնալից շրջանի» տրամաբանությամբ. այդպես է կոչվում պատերազմին նախորդող այն ժամանակաշրջանը, երբ հակամարտության կողմերից մեկը, կամ երկուսն էլ արդեն կայացրել են ռազմական գործողությունները սկսելու որոշումը և ամբողջ թափով նախապատրաստվում են մոտալուտ բախմանը։

Նախապատմություն

2014 թ․ «Եվրամայդանի»՝ Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի դադարեցման որոշումից հետո երկրում սկսված բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած նոր ուժերի հետ հակասությունների ֆոնին Ուկրաինայի հարավ-արևելքում թուլացավ կենտրոնական իշխանության ազդեցությունը։ Նախ՝ Ղրիմում ռուսալեզու բնակչությունը, չընդունելով Կիևում հաստատված նոր իշխանությունը, հանրաքվե անցկացրեց Ուկրաինայի կազմից դուրս գալու և ապա՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։ Այդ ընթացքում տեղի ունեցան զինված բախումներ։ ՌԴ-ն մինչ օրս հերքում է իր ներգրավվածությունը Ղրիմում այդ իրադարձություններին (տես՝ «Ве́жливые лю́ди»)։ Ուկրաինան անվավեր է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանին մեղադրում թերակղզին օկուպացնելու համար։

Նույն թվականին Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում վերջիններս անկախություն հռչակեցին։ Ուկրաինան անօրինական համարեց այդ մարզերի հանրաքվեները ևս, և այնտեղ նույնպես ռազմական գործողություններ սկսվեցին։ Ռուսաստանը չի ընդունում այս շրջաններում իր զինված ուժերի ստորաբաժանումների ներկայության մասին պնդումները, սակայն անթաքույց աջակցում է տեղի իշխանություններին սոցիալ-տնտեսական, ֆինանսական և քաղաքական հարցերում։ Ավելին՝ ՌԴ-ն Դոնբասի քաղաքացիներին վաղուց սկսել է ռուսական անձնագրեր տրամադրել, իսկ ՌԴ Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին՝ որտեղ էլ որ նրանք լինեն։

2014 թ․ հունիսից ընթացող բանակցությունների արդյունքում Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում հակամարտության կարգավորման մասին համաձայնությունը «Նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների միջնորդությամբ ստորագրվեց Մինսկում՝ 2015 թ․ փետրվարին։ Չնայած դրան՝ կողմերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը մինսկյան համաձայնագրերով արգելված զինատեսակներով։

Դոնբասի հարցով եռակողմ շփման խմբի (Ուկրաինա, ՌԴ և ԵԱՀԿ) ջանքերով 2020 թ․ հուլիսի 27-ին ստորագրվել է հրադադարի գործող ռեժիմի վերահսկողության լրացուցիչ միջոցառումների մասին թվով 21-րդ պայմանավորվածությունը, որը ևս չի պահպանվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *