Թուրքիայում փորձարկել են ուկրաինական շարժիչով «Աքընջը» ԱԹՍ-ն

2019թ․ օգոստոսին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկությունը մատակարարել է թուրքական «Աքընջը» (Akıncı) հարվածային ԱԹՍ-ի համար մշակած ԱԻ-450Տ շարժիչների մի մասը։ Թուրքիայում արդեն իրականացրել են առաջին փորձարկումները։

Փորձարկումներից իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել ԱԹՍ–ն արտադրող թուրքական «Բայքար Սավունմա» (Baykar Savunma) ընկերության նախագահ Սելչուք Բայրաքթարը․

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն էլ հրապարակել է ԱԹՍ-ի լուսանկարները․

Նշենք, որ 2019թ․ օգոստոսի 27–ին «Ուկրսպեցէքսպորտ»-ի կազմում ներառված «Իվչենկո Պրոգրեսս (Ивченко прогресс) ընկերությունը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար Սավունմա» ընկերության հետ կնքել է “Black Sea shield” անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

Նախատեսվում էր առաջին հերթին արտադրել թուրքական ընկերության նոր ԱԹՍ–ի՝ «Աքընջը»-ի համար նախատեսված շարժիչները։

Թուրք փորձագետ Թուրան Օղուզը թվիթերյան իր միկրոբլոգում գրում էր, որ պայմանագրով բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանելու է թուրքական ընկերությանն, իսկ 49-ը՝ ուկրաինական․

Հիշեցնենք նաև, որ 2018թ․ նոյեմբերին Թուրքիան ու Ուկրաինան պայմանագիր կնքեցին թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների գնման համար։ Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ մեկ տարվա ընթացքում պետք է Ուկրաինա մատակարարվի 6 միավոր ԱԹՍ, երեք կառավարման կայան և կից սարքավորումներ։

2019թ․ մարտի 6-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ Ուկրաինան արդեն ստացել է թուրքական արտադրության «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք հիմա փորձարկման փուլում են։

Գործարքին հաջորդեց նաև հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությունը «Բայքար Սավունմա»-ի հետ կնքել է մեկ այլ պայմանագիր՝ Ուկրաինայում «բարձր ճշգրտության զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների արտադրության» համար նոր ձեռնարկություն հիմնելու մասին։ Պայմանագրով նախատեսվում է նաև ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։

Հավելենք, որ «Աքընջը» ԱԹՍ-ի մշակումը սկսել է 2017թ. մայիսից: ԱԹՍ–ն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։

Թուրքիան «Աքընջը» ԱԹՍ–ն նախատեսում է սպառազինության մտցնել 2021թ.։ Այս մասին դեռ 2018թ. մարտին հայտարարել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին։ 

«Աքընջը» հարվածայնի ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Թևերի բացվածքը՝ 20 մ է;
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
  • Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
  • Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *