Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը

Հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ մայիսի 29-31-ը Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդիի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ, այցելել Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիա և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարան։

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Զուգահեռաբար հունիսի 7-ից Պակիստանում գտնվող Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պակիստանի ռազմածովային և ցամաքային ուժերի հրամանատարների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *