Թուրքիայի ԱԳՆ գլխավորած պատվիրակությունը մեկօրա այցով մեկնել էր Լիբիա

Հունիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա այցով մեկնել է Լիբիա, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում ժամանակավոր վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Պատվիրակության կազմում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների բարելավման, Լիբիայում քաղաքական կայունության ամրապնդման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Այցի շրջանակներում Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը մայրաքաղաք Տրիպոլիում հանդիպել է Լիբիայում գտնվող թուրքական հրամանատարությանը։ Իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի՝ Լիբիային տրամադրած օգնության և դրա՝ երկրում խաղաղության հաստատման գործում ունեցած դերին։ Անդրադառնալով Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերմանը՝ Աքարն ասել է, որ Թուրքիայի ներկայությունն այժմ պայմանավորված է «երկրում սպառնալիքների ու ռիսկերի առկայության հետ», որից իրենք ուզում են «պաշտպանել լիբիացիներին»։

Հատկանշական է այն, որ այցը ծրագրված չէր և կատարվել է այսօր՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Նման չհայտարարված այցեր եղել են նաև նախկինում։


2011 թ-ին Լիբիայում սկսվել էր քաղաքացիական պատերազմ, գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը դեռ չի ավարտվել: Երկրում գործում է երկու կառավարություն․ արևելքում՝ Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել էր 2014-ին և հենվում էր երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում էր գեներալ Խալիֆա Հաֆթարը, իսկ արևմուտքում Տրիպոլի քաղաք-կենտրոնով գործում էր «Ազգային համաձայնության կառավարությունը»՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում կան նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մոտ 10 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո Լիբիայի հակամարտող կողմերը հրադադարի պայմանագիր ստորագրեցին 2020թ. հոկտեմբերի 24-ին։ Դրանից հետո՝ 2021թ. փետրվարի 5-ին, Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի գլխավորած Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումն (ԼՔԵՖ, անգլ․՝ LTDF) ընտրեց Լիբիայի ժամանակավոր վարչապետին և գործադիր խորհրդի նոր նախագահին: Իսկ այս տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին, Լիբիայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *