Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, իսկ Հայաստա՞նը

Ադրբեջանն իր 2021թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին նախատեսում է հատկացնել ~20.5%-ով ավելի շատ գումար, քան նախորդ տարվա համար էր նախատեսված։ Մինչ պատերազմն էլ վերջին առնվազն հինգ տարում, Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ամեն տարի ավելացնում էր, ինչպես նաև՝ գրեթե յուրաքանչյուր տարի գերակատարում դրանք, ինչը ցուցիչ էր նրա, որ այդ երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ 2021թ.՝ այդ պատերազմից հետո էլ, Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն՝ իրեն համարելով պատերազմող երկիր, որը պետք է ունենա արդիականացված բանակ։ Իսկ պատերազմում պարտված ու կորուստներ կրած Հայաստանի ռազմական բյուջեն 2021թ. նվազում է։

Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն

Պատերազմական 2020թ. պաշտպանական ծախսերի համար Ադրբեջանում սկզբում նախատեսել էին հատկացնել ~3 մլրդ 853 մլն մանաթ, սակայն տարվա ընթացքում կորոնավիրուսի հարուցած վնասները փոխհատուցելու համար բյուջեում որոշ փոփոխություններ արվեցին՝ ռազմական ու այլ ոլորտների ծախսերի կրճատման հաշվին ավելացվեցին առողջապահության ու սոցիալական ապահովության ծախսերը։ Պաշտպանական բյուջեն կրճատվեց 50 մլն մանաթով՝ կազմելով ~3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ 2020թ. օգոստոսի 2-ի փոխարժեքով

Պատերազմից հետո՝ 2021թ. Ադրբեջանի մեջլիսը հաստատեց անցած տարվա բյուջեի կատարողականի մասին օրենքը, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանն այդ տարի պաշտպանական ծախսերին նախատեսված ~3 մլրդ 804 մլն-ից հատկացրել էր ~3 մլրդ 755 մլն մանաթ, սակայն, պայմանավորված, ամենայն հավանականությամբ, ռազմական դրությամբ, երկրում այդ տարի պաշտպանական ոլորտին ծախսերի համար ~670,3 մլն մանաթ էլ պետական հատկացումներ են եղել (օրինակ՝ հիմնադրամներից)։ Ըստ այդմ՝ 2020թ. ընթացքում Ադրբեջանը պաշտպանական ոլորտի ծախսերին հատկացրել է ~4 մլրդ 425 մլն մանաթ։

2021 թվական

44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց երկրի 2021թ. պետբյուջեն, որով պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին նախատեսվում է հատկացնել ~4 մլրդ 585 մլն մանաթ (~2,7 մլրդ դոլար (հունվարի 2-ի փոխարժեքով)), ինչը 2020թ. համեմատ՝

  • ~19%-ով ավելի է 2019թ. ընդունված պետբյուջեի նախագծով նախատեսված ծախսերից;
  • ~20,5%-ով ավելի է կորոնավիրուսի պատճառով կրճատված նախագծից;
  • ~22%-ով ավելի է բյուջեի կատարողականով ներկայացված ծախսերից;
  • ~3,6%-ով ավելի է 2020թ. պետբյուջեի կատարողականի և պետական հատկացումների գումարից։

Ցանկացած դեպքում, 2021թ. բյուջեով նախատեսված հատկացումներն ավել են նույնիսկ պատերազմական տարում Ադրբեջանի պաշտպանական ոլորտի ընդհանուր ծախսերից (այդ թվում՝ պետական հատկացումները)։ Ընդ որում, պատերազմից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ֆիննախարարությունը զեկույց էր հրապարակել 2021թ. բյուջեի կանխատեսումների մասին, ըստ որի՝ 2021թ. պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում էր հատկացնել ~3 մլրդ 954 մլն մանաթ կամ ~2 մլրդ 326 մլն դոլար, ինչը այժմ նախատեսվող ծախսերից ~16%-ով քիչ է։

Ադրբեջանի բյուջեի նախագծերում մանրամասն նշվում է, թե պաշտպանական ոլորտի ծախսերից ինչը որ բաժնին է հատկացվում (2021թ. մանրամասներն՝ այստեղ)։ Ըստ այդմ՝ այս տարի Ադրբեջանում նախատեսում են ամենամեծ հատկացումները տալ «Այլ» բաժնով նախատեսված ծախսերին, որի մեջ ներառված են «Պետական արդյունաբերության նախարարությունը» և «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսերը»։ Նախորդ տարվա համեմատ այս բաժնի ծախսերն ավելանում են մոտ 499,5 մլն մանաթով կամ 293,8 մլն դոլարով։

Այս բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել էր 2017թ.։ Ինչպես ենթադրել էինք այն ժամանակ, այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարներն, ամենայն հավանականությամբ, ուղղվում են ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։

Հատկանշանական է, որ «Այլ» ծախսերով ավելացվում է հենց այդ բաժնի ծախսերը, իսկ Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը տրվող ֆինանսներն անցած տարվա համեմատ նվազում են։ 2021թ. Ադրբեջանում, կարծես թե, փորձելու են այս բաժնին հատկացված գումարով վերականգնել պատերազմի ընթացքում կրած զինտեխնիկայի կորուստները։

Հայաստան

Թեպետ Հայաստանը կրած պարտությունից հետո ունի սպառազինության, ենթակառուցվածքների և այլ կորուստների վերականգնման խիստ կարիք, 2021թ. Հայաստանի ռազմական բյուջեն նախորդ տարվա նախագծի համեմատ ունի չնչին աճ՝ դրամային փոխարժեքով, իսկ դոլարային փոխարժեքով՝ հակառակը, նվազում է։

Այս տարի Հայաստանում նախատեսվում է պաշտպանական ոլորտի վրա ծախսել մոտ 311 մլրդ դրամ, նախորդ տարի նախատեսվում էր հատկացնել 307 մլրդ դրամ։ 2020–ի ընթացքում, կապված ռազմական դրության հետ, պաշտպանական ոլորտին Հայաստանը հատկացրել էր հավելյալ 93 մլն դրամ, այդպիսով 2020–ի համար ունենալով 400,3 մլրդ դրամ բյուջե։ Սակայն տարվա ընթացքում Հայաստանի ռազմական բյուջեն թերակատարվել է՝ կազմելով 387,5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 96.8 տոկոսը։ Հատկանշական է, որ 2021 թվականի համար նախատեսված բյուջեն փոքր է անգամ նախորդ տարվա կատարողական ցուցանիշից։


Այսպիսով, կարելի է ասել, որ 2020թ. տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն, վերականգնել իր կրած կորուստները՝ իրեն համարելով պատերազմող երկիր։ Իսկ Հայաստանը միակողմանի «պատրաստվում» է խաղաղության՝ աչքաթող անելով կարևոր անվտանգային երաշխիքները, և դա այն պարագայում, երբ ադրբեջանական զորքը մեկ ամսից ավելի է՝ ՀՀ ինքնիշխան տարածքում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *