Աֆղանստանում իր զորքերը պահելու համար Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ այդ թվում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո թուրքական զորքերի կողմից Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու հարցը։

Այս մասին հայտնում է «The Associated Press» միջազգային լրատվական գործակալությունը։

Հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել էր, որ եթե իրենց թույլ տրվի զբաղվել օդանավակայանի պաշտպանությամբ, Թուրքիան կունենա ԱՄՆ-ի նյութական և դիվանագիտական աջակցության կարիքը։ Բացի այդ, Թուրքիան չի ցանկանում ստանձնել այդ առաքելությունը միայնակ․ երկրում զորքերը պահելու հարցում Էրդողանը ձգտում է համագործակցել Պակիստանի և Հունգարիայի հետ։

Այս հարցում Թուրքիան և Պակիստանը համագործակցության փորձ ունեն․ ապրիլին Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Աֆղանստանի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Նշենք, որ շուրջ 20 տարվա ներկայությունից հետո նախատեսվում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Աֆղանստանից, սակայն որոշ ժամանակ անհրաժեշտ է լինելու պաշտպանել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանը։ Զորքերի դուրսբերման ֆոնին տարբեր երկրներ հույս ունեն իրենց ազդեցությունը տարածել երկրում։ Դրանց թվում է Թուրքիան, որը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Համիդ Քարզայի օդանավակայանը։ Առաջարկն արվել է մայիսին ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի ժամանակ։ Այդ թեմայով բանակցությունները շարունակվում են, սակայն դեռևս որևէ որոշում չի կայացվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *