Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»

Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Շուշի։ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի հետ ստորագրել են «Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագրի ստորագրումից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել են հռչակագրի մանրամասները։

Այդ հայտարարությունները փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հռչակագրում տեղ են գտել երկկողմ ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության մասին կետեր։ Ալիևն առավել կարևորել է հռչակագրի երկու կետ․ փոխադարձ ռազմական օգնությունը և «Զանգեզուրի միջանցքը»։ Հայտարարվել է, թե Շուշիի հռչակագրում հատուկ հղում է արվում 1921 թ․ ստորագրված Կարսի պայմանագրին։

Ադրբեջանական APA իշխանամետ լրատվականի փոխանցմամբ՝ հռչակագրի ռազմական օգնության մասը ենթադրում է, որ «կողմերից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում այդ սպառնալիքի վերացման համար պետք է կազմակերպվեն խորհրդակցություններ, միմյանց օգնություն ցուցաբերվի ՄԱԿ կանոնադրության ու սկզբունքներին համապատասխան, կազմակերպվի զինված ուժերի ուժային և հրամանատարական ենթակառուցվածքների համակարգված գործունեություն»։

Էրդողանը նշել է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա- Ադրբեջան համագործակցության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն ունի դառնալու ԱԹՍ-ներ արտադրող կենտրոն։

Ըստ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռչակագրում կան հստակ կետեր, իսկ Էրդողանի հաղորդմամբ նախագծի իրականացումը մեծ հնարավորություններ կտա բոլոր կողմերին։

Էրդողանը ևս մեկ անգամ կրկնել է թուրքական կողմի առաջարկությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար վեցակողմ հարթակ ստեղծելու մասին։ Այդ հարթակում, ըստ թուրք նախագահի, պետք է ընդգրկված լինեն Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը։ Ըստ Էրդողանի՝ ինքը, Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամ են հարթակի շրջանակներում խաղաղության հասնելու համար անել հնարավորը։

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ մոտ ժամանակներս Շուշիում կբացվի թուրքական հյուպատոսություն։

Նշենք, որ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, Հասարակության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը, ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը և այլ պաշտոնատար անձինք, ովքեր, ամենայն հավանականությամբ, Ադրբեջան էին մեկնել տարբեր ոլորտներում համագործակցության թեմաներ քննարկելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *