Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «Անատոլիական արծիվ» զորավարժությանը

2021 թ․ հունիսի 21-ից հուլիսի 2-ը Թուրքիայի Քոնիա նահանգում տեղակայված 3-րդ ավիաբազայում կանցկացվի «Անատոլիական արծիվ-2021» (“Anadolu Kartalı”) միջազգային զորավարժությունը, որին կմասնակցեն Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ։

Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացած թուրքական SavunmaSanayİST կայքը։

Պակիստանը զորավարժությանը կմասնակցի 5 միավոր JF-17 կործանիչներով, F-16-ներով, C-130 տրանսպորատային ինքնաթիռներով, Կատարը՝ Rafale («Ռաֆալ») կործանիչներով։ Զորավարժությանը մասնակցող անձնակազմը վերջերս է ավարտել Քոնիայի ավիաբազայում ուսուցումը։

Դեռ հայտնի չէ, թե ինչ ինքնաթիռներով հանդես կգա Ադրբեջանը, բայց երկիրը հետաքրքրվում է չին-պակիստանյան արտադրության JF-17 կործանիչներով, ցանկանում է ծանոթանալ ինքնաթիռի հնարավորություններին։

«Անատոլիական արծիվ» զորավարժության նպատակն է պատրաստել լավ օդաչուներ, գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, ռազմական գործողությունների ժամանակ նվազագույն կորուստներով հասնել նպատակին և այլն։

Նշենք, որ «Անատոլիայի արծիվ» զորավարժությունն անցկացվում է 2001-ից՝ տարեկան երկուսից չորս անգամ։ 2014-ի ապրիլին անցկացված վարժանքներին մասնակցել են միայն Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները, մասնավորապես՝ ՌՕՈւ, ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները։

Ադրբեջանն առաջին անգամ «Անատոլիական արծիվ» զորավարժությանը մասնակցել է 2016 թվականին՝ 3 օդաչուով։ Մինչ այդ նա դիտորդներ էր ուղարկում։ 2019 թվականին ևս Ադրբեջանը մասնակցել է «Անատոլիական արծիվ»-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *