Ադրբեջանում բյուջեի փոփոխություններ են նախատեսում, ռազմականը կրճատում են, առողջապահականն` ավելացնում

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկվելու է 2020թ. պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 2-ի փոխարժեքով)։

Ադրբեջանի պետբյուջեի փոփոխությունների մասին Ռազմինֆոն զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

2020թ. բյուջեի փոփոխությունների հայտարարված նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, երկրին նոր կորոնավիրուսի (COVID-19) հասցրած վնասների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը, առողջապահության ոլորտում իրականացվելիք լրացուցիչ լայնածավալ միջոցառումների համար հավելյալ կարիքների ապահովումը, համավարակից տուժած տնտեսական ոլորտին և բիզնեսներին, բնակչության խոցելի խմբերին պետական աջակցության շարունակումն ապահովելն, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին բյուջեի աճող ծախսերի և նվազող եկամուտների արդյունքում կանխատեսվող անկայունությունը վերացնելն է։

Թեպետ 2020թ. առաջին կեսին նավթի գների կտրուկ անկման և կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների պատճառով Ադրբեջանի պետբյուջեի փոփոխությունները կանխատեսելի էին, սակայն բյուջեի նոր փոփոխություններով նախատեսված եկամուտները նվազեցվում են ընդամենը 10,5 հզ մանաթով, իսկ ծախսերն ավելանում են ~598 հզ մանաթով կամ ~351 հզ դոլարով։ Համեմատաբար բալանսավորված են նաև պաշտպանական ծախսերի կրճատումները։

Ռազմինֆոյի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ եկամուտների այսպիսի նվազման պարագայում Ադրբեջանում տրամաբանորեն ստիպված պետք է լինեին ռազմական ծախսերը կրճատելու առնվազն մինչև նախորդ տարվա ցուցանիշը (ինչը ~20,9 տոկոսով քիչ էր 2020թ. սկզբին նախատեսված պաշտպանական ծախսերից), սակայն, ամենայն հավանականությամբ, իրենց մոտ Տավուշյան իրադարձությունների ֆոնին որոշակի վերահաշվարկ են իրականացրել, քանի որ էական կրճատումը կարող էր բավականին լուրջ ներքին դժգոհության ալիք առաջացնել։

Ադրբեջանագետը նշեց, որ եկամուտները հիմնականում ապահովվել են Պետական նավթային ֆոնդի (SOFAZ) և ոչ հարկային մուտքերի հաշվին։ Ընդ որում՝ Պետական նավթային ֆոնդի եկամուտներն այս նախագծով նվազում են մոտ 5 մլրդ մանաթով, իսկ այդ ֆոնդից բյուջե փոխանցվող գումարն ավելացվելու է մոտ 1 մլրդ մանաթով․ «Քանի որ նախապես իրենք բյուջեում նախատեսել էին նավթի միջին գինը մինչև $55/բրլ, սակայն փոփոխվող բյուջեով արդեն նախատեսվում է միջինը $35/բրլ, և կանխատեսվում է, որ մինչև տարվա վերջ ավելի բարձր չի լինելու միջին արժեքը, ապա Պետական նավթային ֆոնդի մուտքերն այս տարվա ընթացքում բավականին լուրջ կրճատում են գրանցում։ Այսինքն, եթե նախատեսվում էր, որ պետք է լիներ 12,4 մլրդ մանաթ, ապա ներկայումս 7,3 մլրդ մանաթի մուտքեր են նախատեսվում պետբյուջե, այսինքն շուրջ 5 մլրդ մանաթով նվազում են այդ ֆոնդի մուտքերը։ Իսկ այդ մուտքերից եթե 2020թ. սկզբին նախատեսվում էր պետբյուջե փոխանցել 11,3 մլրդ մանաթ, ապա հիմա 12.2 մլրդ մանաթ է նախատեսվում փոխանցել»։

Ըստ Հովհաննիսյանի՝ սա նշանակում է, որ պետական նավթային ֆոնդի ռեզերվների մաշում, նվազում է տեղի է ունենալու։ Ըստ էության առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ ռեզերվն անընդհատ մաշվելու է և չի հասցնելու գալ նախորդ աստիճանի։

Ստորև ներկայացված աղյուսակում երևում է, որ չնայած պաշտպանական ծախսերից տարբեր կետերով կրճատումներ են լինելու, սակայն Ազգային անվտանգության ծախսերն ավելանալու են 8,5 մլն մանաթով կամ ~5 մլն դոլարով։ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանական ծախսերի ~50 մլն կրճատումից հիմնականում նվազում են պաշտպանության նախարության ծախսերը, դրան զուգահեռ ավելանում են Ազգային անվտանգության ծախսերը։

Մանաթ (Azeri manat symbol.svg)Դոլար ($)Գործող բյուջեից տարբ֊ը
7.2.Պաշտպանություն և ազգային անվտանգություն3,804,168,0052,237,745,869-49,417,716.00
7.2.1.Պաշտպանության ուժեր1,670,946,168982,909,503-51,908,291
7․2․2․Ազգային անվտանգություն244,151,063143,618,271+8,500,000
7․2․3․Սահմանապահ ծառայություն279,414,497164,361,467-5,775,464
7․2․4․Կիրառական հետազոտություններ3,794,8412,232,259-95,761
7․2․5․Այլ դասերին չպատկանող ծախսեր1,605,861,436944,624,367-138,200
Առաջարկվող փոփոխություններով նախատեսված պաշտպանական ծախսերը և գործող բյուջեից տարբերությունները

Ըստ Հովհաննիսյանի՝ այս պահին բարդ է ասել, թե Ազգային անվտանգության ոլորտին հատկացվող գումարն ինչ ծախսերի համար է, սակայն ընդգծեց, որ օրինակ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը այս տարի, ի տարբերություն 2019թ֊ի, մի քանի անգամ ավելի մեծ ակտիվությամբ, ներգրավված է Ադրբեջանի տարբեր գերատեսչություններում հատուկ գործողությունների անցկացման մեջ, այդ թվում՝ ՊՍԾ, ԱԳՆ, ՏԻՄ֊երում ևն։ Միգուցե հենց ՊԱԾ գծով այդ ծախսերի մասով են որոշակի ավելացումներ կատարվում։

Խոսելով ընդհանուր բյուջեի փոփոխությունների մասին, ադրբեջանագետը նշեց, որ բացի եկամուտների ավելացումից «նաև ծախսերի բաժնում են որոշակի վերաբաժանումներ արել, օրինակ՝ կրճատել են կրթության, գիտության ծախսերը, տնտեսության աշխուժացման ծախսերը և դրա փոխարեն ավելացրել են ուղիղ սոցիալական աջակցությունը, առողջապահական ծախսերը և փորձել են հնարավորինս չկրճատել պաշտպանական բյուջեն, ինչն, այս պարագայում, կարճաժամկետ դժգոհությունները մեղմելու համար է»։ 

«Այն առումով են ուղղված կարճաժամկետ դժգոհությունների կանխմանը, որ իրական տնտեսության մեջ լուրջ ներդրումներ չեն իրականացնում, այսինքն բավականին լուրջ գումարներ տրամադրվում են կառուցապատմանը, շինարարությանը, ուղիղ սոցիալական աջակցությանը, սակայն արտադրության դիվերսիֆիկացիայի հարցերում, ոչ նավթային սեկտորի զարգացման հարցում լուրջ ներդրումներ չեն իրականացնում, այսինքն հեռանկարին միտված ծախսեր չեն իրականացվում, այլ այս պահին մարդկանց ընթացիկ սոցիալական պահանջմունքները գոնե նվազագույն չափով բավարարելուն ուղղված ծախսեր են իրականացվում, ինչը կարող է այս պահին կարճաժամկետ դրական արդյունք ունենալ, բայց երկարաժամկետ հեռանկարում դա միանշանակ կհանգեցնի Ադրբեջանի տնտեսության համար բավականին լուրջ խնդիրների»,֊ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ ըստ ադրբեջանական մամուլի, բյուջեից նախատեսվում է նաև որոշ կառույցների նյութատեխնիկական ապահովման, զինծառայողների բնակարանների վարձավճարների փոխհատուցման և այլ անհրաժեշտ ծախսերի համար հատկացնել լրացուցիչ 9,1 միլիոն մանաթ (~5,4 մլն ԱՄՆ դոլար՝ 31.07.2020 թ. փոխարժեքով): Ամենայն հավանականությամբ, այս ծախսերը ևս ընդգրկվելու են սոցիալական պաշտպանության ծախսերի մեջ և կրկին ուղղված են լինելու ներքին դժգոհությունների կանխմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *