Հուլիսի 16-ին պաշտոնից ազատվել է Ադրբեջանի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2004թ. ապրիլին։ Երկրի նոր արտգործնախարար է նշանակվել կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ուշագրավ է, որ մինչ նախարարի պաշտոնազրկումը, հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել էր կառավարության առցանց նիստ, որի ժամանակ խիստ քննադատության ենթարկեց այս օրերին Ադրբեջանի ԱԳՆ ու հատկապես արտգործնախարարի աշխատանքը։
«Ինչո՞վ էր զբաղված ԱԳՆ ղեկավարը։ Որտե՞ղ էր նա։ Մենք հուլիսի 12-ի իրադարձություններից հետո աշխատանքի ենք եղել։ ․․․ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին»։ Ի պատասխան երկրի վարչապետ Ալի Ասադովն ասաց, որ այս օրերին Էլմար Մամմեդյարովը տանից է աշխատել։
Նշենք, որ Մամեդյարովի պաշտոնազրկման շուրջ քննարկումներ շրջանառվում էին ադրբեջանական մամուլում ավելի վաղ, հատկապես երբ հուլիսի սկզբին երկրի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն իրականացրեց ԱԳՆ֊ում, ու մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվեց։ Ընդդիմադիր մամուլը գրում էր, որ 4 ձերբակալված պաշտոնյայից առնվազն երեքը Մամեդյարովի մտերիմներն են։