F-35-ների խնդրով Թուրքիան ու ԱՄՆ-ն երկխոսություն են սկսելու. ՊԱԳՎ

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու խնդրի լուծման համար ԱՄՆ հետ երկխոսություն է սկսվելու։ Գործընթացը հիմնված է լինելու իրավական մոտեցման վրա։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական պետական TRT Haber լրատվականից։ ՊԱԳՎ պետը շեշտել է, որ ոչ մի երկիր չի կարող միակողմանի կարգով հեռացվել կործանիչների ծրագրից։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ-ն Անկարային ծանուցել էր F-35-երի արտադրության ծրագրից պաշտոնապես հեռացված լինելու և ծրագրում ներառված մյուս երկրների հետ նոր պայմանագիր կնքելու մասին, որում Թուրքիան ներառված չէ։ Ծրագրի մյուս մասնակիցնենրն են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Դանիան, Կանադան և Նորվեգիան։

Չնայած ծրագրից հեռացվելուն՝ թուրքական ընկերությունները դեռևս շարունակում են արտադրել F-35-երի համար նախատեսված 1000-ից ավելի պահեստամաս, այդ թվում՝ ինքնաթիռի հիմնական «կմախքը» (ֆյուզելյաժ)։ Թուրքիան պահեստամասերն արտադրելու է մինչև 2022թ.։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-35-երի ծրագրից հեռացրել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Հեռացման մասին Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց 2019թ. հուլիսի 17-ին՝ արգելելով Թուրքիայի ԶՈւ համար արտադրված 4 միավոր F-35-ի մատակարարումը և թուրք օդաչուների մարզումները։ Ըստ ԱՄՆ-ի՝ Թուրքիային ծրագրից ամբողջությամբ հեռացման պրոցեսը պիտի ավարտվեր 2020թ. մարտին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *