Ադրբեջանն Աֆղանստանից դուրս կբերի իր խաղաղապահներին

Մայիսի 7-ի առավոտյան թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը գրել էր, որ հետևելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մայիսի 1-ի՝ Աֆղանստանից զորքերի դուրս բերման մասին հայտարարությանը, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող մոտ 5000 զորք դուրս է գալու այդ երկրից։ Դրանց թվում աղբյուրը նշում էր նաև Թուրքիայի ԶՈւ 500, Ադրբեջանի ԶՈւ 120 զինծառայողի մասին։

Ադրբեջանի ՊՆ-ն թուրքական լրատվամիջոցի տեղեկությունը պաշտոնապես հաստատել է՝ նշելով, որ խաղաղապահների դուրս բերումը ծրագրման փուլում է։ Իսկ Թուրքիայի զորքի դուրս բերման մասին առայժմ հստակ հայտարարություն չկա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն Աֆղանստանում իր խաղաղապահների թիվն ավելացրել էր 2018թ. հունվարին՝ 94-ից հասցնելով 120-ի։ Այս պահին Աֆղանստանում 120 ադրբեջանի խաղաղապահ կար։

ՆԱՏՕ-ի նույն առաքելության շրջանակներում Աֆղանստանում է նաև Հայաստանի խաղաղապահ կոնտինգենտը։ 2021թ. փետրվարին ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյունը հայտարարեց, որ Արցախում ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանը զգալի կրճատել է Աֆղանստանում (121-ից մինչև 58-ը) և Կոսովոյում (40-ից մինչև 2-ը) իր խաղաղապահ կոնտինգենտը։ Այժմ հայ խաղաղապահների՝ Աֆղանստանում իրենց ծառայությունը շարունակելու մասին նոր տեղեկություն չկա։

Նշենք, որ ԱՄՆ-ում առաջին անգամ չէին հայտարարում Աֆղանստանից զորքերի դուրս բերման մասին։ Դրանք Աֆղանստանում են արդեն 20 տարի։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենն իշխանության գալուց հետո ներկայացրել էր «Ազգային անվտանգության ռազմավարության» մասին ժամանակավոր ուղեցույցը, որտեղ Աֆղանստանի հակամարտությունը որակել էր «անվերջ պատերազմ», որին ԱՄՆ-ն այլևս չպետք է մասնակցի։

Իսկ ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից զորքերի դուրս բերման ֆոնին տարբեր երկրներ հույս ունեն իրենց ազդեցությունը տարածել այդ երկրում։ Հույս ունեցողների թվում է, օրինակ, Թուրքիան, որը փորձում է ակտիվ խաղացող դառնալ Աֆղանստանյան հակամարտության մեջ։ Օրինակ՝ մինչ հակամարտության կողմերը 2020թ. սեպտեմբերից բանակցում էին Կատարի մայրաքաղաք Դոհայում, Թուրքիան առաջարկեց Աֆղանստանի հակամարտության կարգավորմանն ուղղված կոնֆերանս անցկացնել իր տարածքում՝ Ստամբուլում։ Կոնֆերանսը նախատեսվում էր ապրիլի 24-ին, սակայն հետաձգվեց մինչև մուսուլման աշխարհի պահքի ամսվա՝ Ռամադանի ավարտը, այսինքն՝ մայիսի 12-ին կամ դրանից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *