ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը

Մարտի 3-ին ԱՄՆ Սպիտակ տունը հրապարակել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի «Ազգային անվտանգության ռազմավարության» մասին ժամանակավոր ուղեցույցը (Interim national security strategic guidance), որտեղ հիմնական միտքն այն մասին է, որ ԱՄՆ-ն պետք է հենվի «ժողովրդավարության վրա»՝ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից մարտահրավերներին հակազդելու համար։ Բայց, մինչ «ժողովրդավարությունը»․

Բայդենը նպատակ ունի վերանայել բանակի կառուցվածքը, հնարավորություններն ու թվաքանակը`հաշվի առնելով ռազմավարական մրցակցությունն «իր ուժերի վրա ավելի վստահ Չինաստանի և ապակայունացնող դեր ունեցող Ռուսաստանի հետ»։

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն այլևս չպետք է և չի մասնակցի «անվերջ պատերազմներին», ինչպիսին է պատերազմն Աֆղանստանում․ «ԱՄՆ-ն պետք է վերջ դնի Աֆղանստանում Ամերիկայի ամենաերկար պատերազմին, սակայն միաժամանակ երաշխավորելով, որ Աֆղանստանը կրկին անվտանգ ապաստան չի դառնա Միացյալ Նահանգների դեմ ահաբեկչական հարձակումների համար»,֊ նշված է փաստաթղթում։

Նոր ռազմավարությունը նախատեսում է Կոնգրեսի հետ աշխատանք՝ հնացած պլատֆորմներից ու սպառազինությունից ազատվելու համար, նպատակը՝ առաջադեմ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար ռեսուրսներ ազատելը։

Բացի այդ, նշվում է, որ պետք է վերջ դնել սպառազինությունների թանկ մրցավազքին ու վերականգնել «ԱՄՆ հեղինակությունը որպես սպառազինությունների վերահսկման առաջնորդի»։ Իսկ որտեղ հնարավոր է, ԱՄՆ-ն պետք է ձգտի սպառազինությունների վերահսկման նոր մեխանիզմների ու քայլեր ձեռնարկի ազգային անվտանգության ռազմավարության մեջ միջուկային զենքի դերի նվազեցման ուղղությամբ։

«Մենք բովանդակալից երկխոսություն ենք վարելու Ռուսաստանի և Չինաստանի հետ մի շարք նոր ռազմատեխնիկական մշակումների շուրջ, որոնք ենթադրում են ռազմավարական կայունություն»,֊ասվում է զեկույցում։

Բայդենը նշում է, որ պետք է զարգացնել նաև կիբերանվտանգությունը, այն դարձնել առաջնահերթություն։ Հատկապես պետք է աշխատել կառավարության կիբերանվտանգության զարգացման վրա, իսկ դա պետք է անել մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ։ Ինչպես նաև, պետք է պատասխանատվության ենթարկել այն սուբյեկտներին, որոնք կզբաղվեն ապակայունացնող կիբերգործունեությամբ։

Բայդենը ասում է՝ ԱՄՆ համար ռազմական ուժի օգտագործումը պետք է վերջին ընտրությունը լինի, մինչ այդ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական գործիքները պիտի լինեն ժողովրդավարությունը, զարգացումը և տնտեսական կառավարումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *