Հայկական զինուժի կորուստները 2020թ., մինչև պատերազմի սկիզբը. Razm.info

2020 թվականի հունվարի 1-ից մինչև պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ, Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 54 զինծառայողի մահ՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Նշենք, որ պետական կառույցները բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն մենք արձանագրում ենք նաև այդ մահվան դեպքերը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդի գործողություններից զոհվել է 8 զինծառայող, որոնցից մեկը մարտին, վեցը՝ Տավուշում հուլիսյան բախումների ընթացքում, ևս մեկը՝ սեպտեմբերին։ 1 զինծառայող էլ մայիսին է մահացել, ականի պայթյունի հետևանքով։ Այսպիսով՝ մինչ պատերազմը մարտական կորուստները 9-ն են, ոչ մարտականները՝ 45-ը։

Ռազմինֆոն մարտական է համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։ Ոչ մարտական ենք հաշվում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն) պատճառով կորուստները։

ՄարտականՈչ մարտական
Հունվար06
Փետրվար07
Մարտ12
Ապրիլ02
Մայիս14
Հունիս08
Հուլիս61
Օգոստոս011
Սեպտեմբեր14
Ընդհանուր945

Մահացածներից 14-ը ժամկետային զինծառայող է, 40-ը՝ պայմանագրային զինծառայող և սպա։

45 ոչ մարտական պայմաններում մահվան պատճառները եղել են ինքնասպանությունը (9 դեպք), ավտովթարները (10), հիվանդությունները (16*), սպանությունները (2), դժբախտ պատահարները (8)։

*Մահացած զինծառայողներից երկուսը վարակված են եղել կորոնավիրուս հիվանդությամբ։

Նշենք, որ Ռազմինֆոն սկսել է հայկական բանակի կորուստների վիճակագրություն կազմել 2013 թվականից։ Գիտակցելով, որ պատերազմը փոխում է ողջ պատկերը, այս տարի որոշեցինք՝ 2020–ի կորուստների տարեկան ամփոփումը երեք փուլով ներկայացնել՝ առանձին արձանագրելով թե՛ մինչպատերազմյան, թե՛ պատերազմյան և թե՛ հետպատերազմյան զոհերը։

ՏարիՄարտականՈչ մարտականԸնդհանուր
201362430
2014301646
2015413576
201610958167
2017265076
201895463
201944549
2020․ մինչ պատերազմ94554

Այսպիսով՝ փորձելու ենք գրանցել և հրապարակել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում գրանցված բոլոր կորուստները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *