Թուրքական «ՔԱՐԳՈւ» ԱԹՍ-ները կարտահանվեն

Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) հայտնել է, որ տեղական արտադրության «ՔԱՐԳՈւ» (Kargu) մահապարտ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), փորձարկումներն ավարտելուց հետո, հետաքրքրություն են առաջացրել միջազգային շուկայում։ Մասնավորապես, երեք երկրի հետ արտահանման բանակցություններն ավարտական փուլում են և շուտով պայմանագրեր կկնքվեն:

Այս մասին հայտնում է թուրքական C4Defence մասնագիտացված կայքը:

Ընկերությունը չի նշել, թե կոնկրետ որ երկրներն են պատվիրատուները։ Սակայն հայտնի է միայն, որ այս ԱԹՍ-ներից ավելի քան 500 միավորի պատվեր է ստացվել Թուրքիայի զինված ուժերից և իրավապահ մարմիններից։ Օրինակ՝ 2020 թ. հունվարին 10-ին Թուրքիայի ԶՈւ հետ կնքված պայմանագրի համաձայն՝ 356 միավոր արդիականացված «Քարգու-2» մահապարտ մինի ԱԹՍ-ների մատակարարումների առաջին փուլը կայացել է հունվարի 30-ին։

ՔԱՐԳՈւ ԱԹՍ
Թուրքական «ՔԱՐԳՈւ» մահապարտ ԱԹՍ

Նշենք, որ «ՔԱՐԳՈւ» մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։

«ՔԱՐԳՈւ» մահապարտ ԱԹՍ-ները պտուտակավոր են՝ հավաքված կվադրոկոպտերի վրա, և դրանց վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 10 րոպե,  բացազատման ժամանակը՝ 45 վրկ: 

«ՔԱՐԳՈւ» ԱԹՍ-ի գործարկում

Հավելենք, որ արտադրող «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» (STM) ընկերությունը հիմնադրել է Թուրքիայի զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *