Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը»

Հունիսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը Տրիպոլիում հանդիպել են վարչապետ Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA): Կողմերը նախապես չէին հայտնել հանդիպման մասին:

Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah թերթը:

Թեև հանդիպման իրական նպատակը հայտնի չէ, սակայն ավելի վաղ թուրքական աղբյուրները գրել էին, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են մոտ ժամանակներս Լիբիայում երկու մշտական տեղակայման ռազմաբազա կառուցել։ Ուստի հնարավոր է, որ այս հարցն ընդգրկված է եղել հանդիպման օրակարգում:

«Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի պատվիրակության հանդիպումը
Տրիպոլիի «Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի պատվիրակության հանդիպումը

Բացի այդ, Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով հունիսի 15-ին Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ ու ՊՆ միջև նախատեսված քննարկումները հետաձգվել էին լիբիական կողմերի հետ վերջնական համաձայնության գալու պատճառաբանությամբ։ Չի բացառվում, որ Տրիպոլիում կայացած հանդիպմանը քննարկվել են նաև հրադադարի պայմաններին վերաբերող հարցեր: Այս առիթով Լիբիայում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Էմրուլլահ Իշլերը հայտնել էր, որ քաղաքական բանակցություններ սկսելու և հրադադարի հասնելու համար Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) կարծիքով անհրաժեշտ են որոշակի տարածքային ձեռքբերումներ:

Ըստ որոշ աղբյուրների՝ Չավուշօղլուն Լիբիա մեկնելու համար չեղյալ էր հայտարարել չորեքշաբթի առավոտյան նախատեսված հանդիպումն Իտալիայի իր պաշտոնակից Լուիջի Դի Մայոյի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի արևմտյան կառավարության ուժերին վերջերս հաջողվել էր գրավել մայրաքաղաք Տրիպոլիում ու դրա շուրջ գտնվող մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Ռազմավարական կարևոր նշանակության ալ-Վաթիյա ավիաբազան ուժերը գրավվել էր մայիսի 18-ին, իսկ մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանը՝ հունիսի 4-ին։ Բացի այդ, այժմ թեժ մարտեր են ընթանում նաև Սիրթ բնակավայրի համար, սակայն երկրի արևելքում գործող գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) ուժերը դեռ կարողանում են ճնշել արևմտյան ուժերի առաջխաղացումը։


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *