Թուրքական արտադրության ՀՕՊ համակարգերը Սիրիայի սահմանին կտեղակայվեն. ՊԱԳՎ պետ

Թուրքական արտադրության «Հիսար Ա» (Hisar A) փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերը փետրվարի 27-ին Սիրիայի բանակի դեմ սկսված «Գարնանային վահան» (Bahar kalkanı) գործողության ընթացքում, հնարավոր է՝ մեկ շաբաթվա մեջ տեղակայվեն Սիրիայի սահմանին։ 

Այս մասին, թուրքական Hürriyet պարբերականի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։

Նշենք, որ այս համակարգերի խոցման առավելագույն հեռավորությունը 10-15 կմ է։ Դեռ մի ամիս առաջ ՊԱԳՎ պետն ասել էր, որ այս համակարգերը պատրաստ կլինեն այս տարի հունիսին։

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները
Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները

Զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգ» նախագծի շրջանակներում։ ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»

Հիշեցնենք, որ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելուց հետո Թուրքիան դիմել էր ԱՄՆ֊ին՝ իր տարածքում Patriot ՀՕՊ համակարգեր տեղակայելու համար, սակայն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ֊ն այժմ չի տեղակայի Patriot֊ներ։

Սիրիայից պաշտպանվելու համար այժմ Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված են ՆԱՏՕ անդամ Իսպանիայի Patriot ՀՕՊ համակարգերը, իսկ Քահրամանմարաշում են (Մարաշ) իտալացիների SAMP/T ՀՕՊ համակարգերը։

Թուրքիան 2019թ․ ամռանը ստացել է նաև ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, որոնք նախատեսում է գործարկել այս գարնանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *